Թուրք արվեստագետը Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը համեմատել է հիտլերյան Գերմանիայի հետ
Թուրք արվեստագետ, «Դուրու» թատրոնի հիմնադիր Էմրե Քընայը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած ահից չեն կարողանում իրենց կարծիքը արտահայտել, վախենում են: Թուրքական «Միլլիյեթ» թերթին տված հարցազրույցում Քընայը նշել է, որ Թուրքիայում արվեստը ճնշման տակ է և այդպիսի ժամանակներ դեռևս չէին եղել: Նա ստեղծված իրավիճակը համեմատել է հիտլերյան Գերմանիայի հետ:
«Նախագահից ունեցած վախի պատճառով չենք կարողանում արտահայտվել: Ժողովուրդն անգամ այդ վախին վերագրվող առասպելներ է ստեղծում: Ասենք, թե ինչպես արագորեն հավաքեցին տարան մի ծեր մարդու, ով սրճարանում նստած ձեռքով ցույց էր տվել նախագահի շարասյունը: Բոլորը վախենում են, թե կարող են գալ և անմիջապես տնից իրենց բերման ենթարկել: Ճիշտ այնպես, ինչպես 1938-1940թթ. հիտլերյան Գերմանիայում էր»,- ըստ Ermenihaber.am լրատվականի` ասել է թատերագետը:
Սաուդյան Արաբիայի 90-ամյա թագավորի մահվան կապակցությամբ Թուրքիայում սգո օր հայտարարելու որոշումը բարկացրել է Քընային: Այդ որոշման պատճառով մեկ օրով փակվել էին նաև թատրոնները:
«Ինչպե՞ս կարելի է հանուն արաբ թագավորի սուգ հայտարարել, երբ սգո օր չենք հայտարարում այսչափ ազգային կորուստների պայմաններում»,- դժգոհել է արվետսագետը: