Այս տարվա ձմեռը 1966 թվականից հետո համարվում է երկրորդ ամենատաք ձմեռը. Գագիկ Սուրենյան
Այս տարվա ձմեռը 1966 թվականից հետո համարվեց երկրորդ ամենատաք ձմեռը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ 1966թ-ի հունվարին օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 17-18 աստիճան, իսկ հունվարի վերջին և փետրվարի առաջին օրերին Արարատյան դաշտում ծաղկել են պտղատու ծառերը:
«Այս տարի թեև օդի ջերմաստիճանը փոքր-ինչ զիջում է 1966թ-ին, այդուհանդերձ, օդերևութաբանության պատմության մեջ մտնում է որպես երկրորդ տաք ձմեռ»,- նշեց Գ.Սուրենյանը:
Նրա խոսքերով` դեկտեմբերին և հունվարին Հայաստանում օդի ջերմաստիճանը եղել է ռեկորդային: Մասնավորապես, դեկտեմբերի 30-31-ը Արարատյան դաշտում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 13 աստիճանի, իսկ Սյունիքի հովիտներում դիտվել է մինչ 22 աստիճան տաքություն:
Հաջորդ ռեկորդային ցուցանիշը, ըստ Գ.Սուրենյանի, գրանցվել է հունվարի 6-ին և 7-ին. այս օրերին Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 15 աստիճան, իսկ Տավուշում և Սյունիքում` մինչև 20 աստիճան: Նշվեց նաև, որ ձմռան երկու ամիսներին գրեթե ցուրտ հոսանքների ներթափանցումներ չեն գրանցվել, միայն հունվարի 8-ին է ձյուն տեղացել, քանի որ հյուսիսային լայնություններից հանրապետություն է ներթափանցել ցուրտ օդ: Մնացած բոլոր օրերին, ըստ նրա, հանրապետությունը գտնվել է հարավային-արևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում թե դեկտեմբերին, թե հունվարին օդի ջերմաստիճանը եղել է նորմայից 4-5 աստիճան բարձր: Եղել են օրեր, երբ կլիմայական նորմայից ջերմաստիճանը բարձր է եղել 10-13 աստիճանով:
Գ.Սուրենյանը հայտնեց, որ այսօր ձյան ծածկ կա միայն հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Վայոց ձորում: Լոռիում, Տավուշում, Սյունիքի հովիտներում և նախալեռներում, Արցախում և Արարատյան դաշտում ձյան ծածկույթը բացակայում է: Ըստ նրա` ձյան ծածկի ամենամեծ բարձրությունը դիտվում է Աշոցքի հատվածում՝ հասնելով 52 սմ-ի, Կոտայքում` 36 սմ-ի, մնացած լեռնային շրջաններում` 15-20 սմ-ի, ինչը նորմայից ցածր է:
«Սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հանրապետության լեռնային շրջաններում` Ապարանի, Ջերմուկի, Հրազդանի հատվածում, ձյան ծածկը հասնում է մինչև 90 սմ-ի, իսկ այս տարի հասնում է ընդամենը 30 սմ-ի»,- ասաց Գ.Սուրենյանը:
Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա, ըստ Հիդրոմետ ծառայության, շարունակվելու է հարավ-արևմտյան տաք հոսանքների ներհոսքը հանրապետություն. հունվարի 28-ին երեկոյան ժամերին և 29-ի գիշերը սպասվում է ցիկլոն, շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, իսկ հունվարի 29-ի ցերեկն արդեն տեղումները կդադարեն և մինչև փետրվարի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նշվեց նաև, որ հունվարի վերջին կակտիվանան տաք օդանային հոսանքները:
«Եգիպտոսի շրջաններից հունվարի 31-ին սկիզբ է առնում տաք օդի հզոր ալիք և անմիջապես տեղափոխվում է Կովկաս: Արդյունքում, ամսվա վերջին կդիտվի ջերմաստիճանի բարձրացում: Այսինքն` եթե մինչև հունվարի 30-ը գիշերը Երևանում սպասվում է 0-ից -2, իսկ ցերեկը 8-10 աստիճան տաքություն, ապա հունվարի 31-ին և փետրվարի 1-ին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ Արարատյան դաշտում հնարավոր է մինչև 13-14 աստիճան տաքություն, իսկ Սյունիքի հովիտներում և Տավուշում` մինչև 18 աստիճան տաքություն»,- ասաց նա:
Գ.Սուրենյանը հայտնեց, որ փետրվարին Հայաստանում նույնպես տաք կլինի: Հատկապես տաք կլինի հանրապետության արևմտյան շրջաններում` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորում և Արարատյան դաշտում: Այդ շրջաններում ամսական օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից 2-3 աստիճան բարձր, իսկ տեղումների քանակը կլինի նորմալից ավելի:
«Առանձին օրերին` մասնավորապես փետրվարի առաջին օրերին, պայմանավորված տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, հանրապետության լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորում, ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 8-10 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում, երբ առանձին օրեր կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, նշված մարզերում գիշերը հնարավոր է -15-ից մինչև -20 աստիճան ցուրտ»,- ասաց Գ.Սուրենյանը:
Նա միաժամանակ նշեց, որ փետրվարի առաջին օրերին Լոռիում և Տավուշում ջերմաստիճանը կլինի 15-18 աստիճան տաքություն, իսկ ասմվա երկրորդ տասնօրյակում, մասնավորապես, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի` -8-ից մինչև -10 աստիճանով:
Ինչ վերաբերում է Արարատյան դաշտին, ապա փետրվարի առաջին օրերին հնարավոր է ջերմաստիճանի բարձրացում մինչև 15 աստիճան, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում առանձի օրերին կգրանցվի -8-ից -10 աստիճան ցուրտ, սակայն դա կլինի գիշերային ժամերին:
Փետրվարին հանրապետության ամենատաք շրջանը կլինի Սյունիքը. ամսվա առաջին օրերին հնարավոր է, որ ջերմաստիճանը բարձրանա` հասնելով 20-22 աստիճանի, իսկ երկրորդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանի նվազում է սպասվում` մինչև -5-ից -10 աստիճանի սահմաններում:
Երևանում փետրվարի առաջին տասնօրյակում կգրանցվի մինչև 15 աստիճան տաքություն, իսկ երկրորդ տասնօրյակում երեկոյան ժամերին հնարավոր է ջերմաստիճանը նվազի 8-10 աստիճանով:
«Սակայն ամբողջ ամիսը տաք կլինի` նորմայից 2-3 աստիճանով բարձր»,- նշեց Գ.Սուրենյանը:
Այդուհանդերձ, նա նկատեց, որ ձմռանը տաք կլիման ազդում է ինչպես բնության, այնպես էլ մարդկանց վրա:
«Եթե ձյուն չկա, դա շատ վատ է»,- ասաց նա:
Ձյան ծածկի բացակայությունը, ըստ նրա, առաջին հերթին բացասական ազդեցություն կունենա աշնանացան ցորենի վրա. «Եղանակը տաք է, աշնանացան ցորենը ծլել է, իսկ եթե գիշերային ժամերին ջերմաստիճանը նվազի, ապա ցորենի բերքի վրա դա լուրջ ազդեցություն կունենա: Բացի այդ, գարնանը հալոցք չենք ունենա ու հողում կունենանք հողի խոնավության պակաս»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները