Գ.Կոստանյան. Թուրքիան, ի վերջո, ճանաչելու, ապաշխարելու և փոխհատուցելու է
ՀՀ Գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը այսօր Ստրասբուրգում հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրեց վաղը` հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի վերաբերյալ հայկական կողմի ունեցած դիրքորոշումը և սպասելիքները։ Այս մասին Ստրասբուրգից հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը:
Ըստ Գ.Կոստանյանի, Հայաստանի խնդիրն է աշխատել այնպես, որ հեղինակավոր կառույցների և, մասնավորապես, ՄԻԵԴ վճռում տեղ չգտնեն այնպիսի ձևակերպումներ, որտեղ Հայոց ցեղասպանության պատմական փաստը կդրվի կասկածի տակ կամ հնարավոր կդարձնի դրա անբարեխիղճ մեկնաբանությունները։
«Ի զարմանս մեզ, ՄԻԵԴ-ը ոչ միայն քննության է առել Հայոց ցեղասպանության վերաբերող հարցերը, այլև մեզ համար սկզբունքորեն անընդունելի և շատ մտահոգիչ ձևակերպումներ է արտահայտել իր 2013թ վճռում, որի պատճառով Հայաստանը որոշում է կայացրել ՄԻԵԴ Մեծ պալատում գործի քննությանը ներգրավվել, որպես երրորդ կողմ»,-Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, նշել է Գ.Կոստանյանը։
Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, առավել անհանգստացնող է եղել այն, որ դատարանը բացասական համեմատություններ և զուգահեռներ է անցկացրել XX դարի երկու ամենամեծ հանցագործությունների` Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև, ներկայացնելով վերջինս իբրև միջազգային դատարանի կողմից ճանաչված փաստ, իսկ Մեծ եղեռնը իբրև պատմական վեճ։
Գ.Կոստանյանը ընդգծում է, որ հայկական կողմը այս դատավարությունից ունի երեք կարևոր ակնկալիք.
«Առաջին՝ Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող որևէ գնահատական ՄԻԵԴ-ի պես հեղինակավոր կառույցի վճռում չպետք է տեղ գտնի։ Ցանկացած ձևակերպում, որը որևէ կերպ կարող է վիճարկելի դարձնել Հայոց ցեղասպանությունը, մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, և պետք է անենք այնպես, որ դրանք վճռում տեղ չգտնեն»։
Երկրորդ նպատակն է, ըստ Կոստանյանի, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ենթատեքստում անհնարին դարձնել ՄԻԵԴ գնահատականների անհարկի շահարկումները ցեղասպանությունը ժխտողների կողմից անբարոյական նպատակներով, և ուստի հայկական կողմի խնդիրն է տարանջատել այս երկու գործընթացները։ Եվ երրորդ, նկատի ունենալով Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վիժեցումը, հայկական կողմը նաև ակնկալում է, որ Թուրքիան ի վերջո ճանաչելու, ապաշխարելու և կատարելու է հայերի առաջ իր պարտականությունները, իսկ ՄԻԵԴ վճիռը, հայկական կողմի «խորին համոզմամբ», կարող է արագացնել այդ գործընթացը։
Ինչպես ընդգծեց Գ.Կոստանյանը, հենց այս նպատակներից ելնելով է ՀՀ կառավարությունը որոշել մեկտեղել պետության միջոցները և աշխարհասփյուռ հայկական կազմակերպությունների ջանքերը` Փերինչեքի գործում հանդես գալով իբրև երրորդ կողմ։
«Ճանաչման գործընթացը քաղաքական գործընթաց է, որը շարունակվելու է ամեն դեպքում», - եզրափակեց իր խոսքը ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչ Գ.Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 28-ին քննելու է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործը, որի վերաբերյալ 2013թ դեկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկվել էր Շվեյցարիայի կողմից, և 2014թ հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշել էր գործը վերաքննել դատարանի Մեծ պալատում:
Հայցորդը թուրք ազգայնական քաղաքական գործիչ Դողու Փերինչեքն է, ով իբրև Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար 2005թ մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայում մասնակցելով տարբեր կոնֆերանսների ժխտել է 1915թ և դրանից հետո Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության պատմական փաստը:
Շվեյցարիայի ներկայացրած բողոքի հիման վրա, ս.թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ Մեծ պալատը քննության է առել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը, որտեղ Հայաստանը ներգրավված է որպես երրորդ կողմ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ և Գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանի, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանի, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնի, Ամալ Քլունիի և Թոբի Քոլիսի մասնակցությամբ:
ՄԻԵԴ վճիռը բողոքարկելու Շվեյցարիայի որոշումը 2014թ մարտի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը անվանել էր «ոգևորիչ», և վստահություն հայտնել, որ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այնպիսի որոշում կընդունի, որը վիրավորական չի լինի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների համար և չի անարգի այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք ուղղակի անմեղ զոհ են դարձել»:
«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Թուրքիան և Ֆրանսիան:
Շատ փորձագետների կարծիքով, ՄԻԵԴ որոշումը կարող է մեծ ազդեցություն ունենալ Եվրոպայի տարբեր երկրներում և առաջին հերթին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքների ընդունման համար: