Մինսկի խումբը կոչ է անում Ադրբեջանին կատարել իր ստանձնած պարտավորությունները
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում Ադրբեջանին կոչ է անում հետևել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր ստանձնած պարտավորություններին։ Համանախագահների հայտարարության տեքստը զետեղված է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում և տարածվել է լեհական Կրակով քաղաքում համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրյուի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (ՌԴ) և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև կայացած հանդիպման արդյունքներով։
«Մենք նախարարին հայտնեցինք մեր խիստ մտահոգությունը շփման գծի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհեր են արձանագրվել։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու և վստահության վերականգնման համար անհրաժեշտ է վերջ տալ նախորդ տարվանից սկիզբ առած բռնության աճը։ Կոչ ենք անում Ադրբեջանին հետևել հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իր ստանձնած պարտավորությունները։ Կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները լարվածությունը թուլացնելու նպատակով։ Հակամարտության բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի ռեժիմին։ Բռնությունը խաթարում է խաղաղության հասնելու գործընթացը», - ասված է հայտարարության տեքստում։
Հաղորդագրության համաձայն, համանախագահները Ադրբեջանի ԱԳ նախարարին են ներկայացրել բանակցային գործընթացի հետագա հնարավոր քայլերը, այդ թվում համապարփակ բանակցություններ, որոնք կարող են բերել հարատև կարգավորման, ինչից կշահեն տարածաշրջանի ժողովուրդները։
«Մենք հիշեցրեցինք նախարարին համանախագահների լիազորությունների մասին և մտահոգություն հայտնեցինք ընթացիկ բանակցային գործընթացի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարության, ինչպես նաև ԵԱՀկ դիտորդների պարտականություններին առնչվող քննադատությունների կապակցությամբ», - ասված է հայտարարության տեսքտում։
Հանդիպմանը քննարկվել է նաև նախագահների համաձայնությամբ Կարմիր Խաչի հովանու ներքո անհետ կորած անձնաց տվյալների փոխանակման հարցը։
Հայտարարության վերջում նշվում է, թե համանախագահները մտադիր են առանձին հանդիպում անցկացնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այնուհետև ուղևորվել տարածաշրջան։