ԱԺ նախագահը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվար 27-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ նախարարն այցի ընթացքում ոչ միայն հնարավորություն կունենա պաշտոնատար անձանց հետ քննարկելու հարցերի լայն շրջանակ, այլև ծանոթանալու մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը, ազգային սովորույթներին: Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա կարևորել է փոխշահավետ համագործակցության զարգացումը բոլոր բնագավառներում:
Տնտեսական համագործակցության տեսանկյունից խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկկողմ նախագծերի, մասնավորապես Մեղրիի հէկ-ի և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծերի իրագործմանը: Ազգային ժողովի նախագահը կարևորել է նաև Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև համագործակցության ընդլայնումն ու խորացումը:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանում միշտ բարձր են գնահատել Իրանի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ԻԻՀ իշխանությունների ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:
Խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումների մասին՝ Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նաև ԻԻՀ բարձրաստիճան պատվիրակությունը:
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել Ազգային ժողովի նախագահի դերակատարումը հայ-իրանական հարաբերությունների
զարգացման գործում: Նախարարը նշել է, որ Իրանի կառավարության առաջնահերթություններից է Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը և խորացումը:
Մոհամմադ Ջավադ Զարիֆը կարևորել է երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային տարբեր կառույցներում: Նա նշել է նաև, որ տարածաշրջանային խնդիրների հետ կապված Իրանի դիրքորոշումը չի
փոխվել. հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ 2015 թվականին փոխայցելությունները կշարունակվեն՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության խորացմանը: