S&P գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի վարկանիշը մինչև «աղբային» մակարդակ
Միջազգային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Ռուսաստանի Դաշնության վարկանիշը մինչև BB+ մակարդակ, հաղորդում է Ռուսական բիզնես ալիքը:
S&P գործակալությունն իր այս քայլը բացատրում է նրանով, որ դրմավարկային քաղաքականությունը դարձել է ավելի առանձգական` ֆինանսական հատվածում իրավիճակը վատանում է, ինչը սահմանափակում է Կենտրոնական բանկի հնարավորությունները. «Մենք գտնում ենք, որ ԿԲ-ն ստիպված է ընդունել ավելի ու ավելի դժվար որոշումներ` կապված դրամավարկային քաղաքականության հետ, միևնույն ժամանակ փորձելով ապահովել կայուն աճ»:
Գործակալությունը նշում է, որ 2014թ-ի դեկտեմբերին ՌԴ Կենտորնական բանկը առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է 750 կետով` մինչև 17%: Այն պետք է դադարեցներ ռուբլու արժեզրկումը և սանձեր ինֆլյացիան: Ռուբլին կարճաժամկետ հատվածում դոլարի նկատմամբ կայունացավ, սակայն դրանից հետո այն շարունակում է արեզրկվել: Գործակալության գնահատականներով սպասվում է, որ ներկա պայմաններում կկրճատվի տնտեսության վարկավորումը, ինչը հետագայում կխաթարի տնտեսական աճը: S&P-ի կանխատեսմամբ` տնտեսությունը 2015-2018թթ-ին կաճի տարեկան 0,5%-ով, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարիների տեմպից:
Ըստ գնահատականի` Ռուսաստանում 2015թ-ին ինֆլյացիան կկազմի ավելի քան 10%: «Մենք սպասում ենք, որ ֆինանսական շուկայում ակտիվների որակը, տնտեսության հիմնական ճյուղերի հասանելիությունը կապիտալի միջազգային շուկաների նկատմամբ, ինչպես նաև տնտեսական անկումը կշարունակվի», - ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի վարկանիշի հաջորդ դիտարկումը կիրականացվի 2015թժ-ի ապրիլի 17-ին: Հատկանշական է, որ այս գնահատականի հրապարակումից հետո դոլարի կուրսը ռուբլու նկատմամբ միանգամից բարձրացավ և հասավ 68 ռուբլիի, ինչը պահպանվում է նաև հունվարի 27-ի դրությամբ:
Պետք է նշել, որ սկսած 2005թ-ից միջազգային գործակալությունների կողմից Ռուսաստանին տրվող վարկանիշները մշտապես եղել են «ներդրումային» մակարդակում: Մինչդեռ Standard & Poor’s գործակալությունն առաջինն էր, որը ՌԴ տնտեսության ճգնաժամային դրությունում հայտնվելուց հետո նրա գնահատականն իջեցրեց «սպեկուլյատիվ» մակարդակի:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը S&P-ի գնահատականը անվանել է կողմնակալ և տնտեսության իրական վիճակին չհամապատասխանող: