Թուրք միջազգայնագետ. «Կամ իշխանությունը պետք է փոխվի, կամ իշխանությունը պետք է փոխել»
Թուրքական «Միջազգային հարաբերությունների և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (TÜRKSAM) փոխնախագահ Ջելալեթթին Յավուզն անդրադարձել է արտաքին քաղաքականության ոլորտում 2015 թվականին Թուրքիայի համար առանձնակի կարևորություն ունեցող խնդիրներին ու բնագավառներին:
Ըստ Ermenihaber.am լրատվականի` Յավուզն առանձնացրել է հետևյալ ուղղությունները.
• Եվրոպայում մուսուլմանների հանդեպ հետզհետե մեծացող անհանդուրժողականությունն ու տեռորը: Դրանում իր որոշակի դերն ունեցավ նաև այս տարի հունվարի 7-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը նաև Թուրքիայի համար 2015-ի ընթացքում խնդիրներ կստեղծի:
• Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի` ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ լարվածությունը կարող է ավելի մեծանալ, ինչի հետևանքով հնարավոր է Թուրքիային պարտադրվի հակառուսական դիրքորոշում ունենալ: Իսկ դա իր հերթին կբերի Թուրքիայից Ռուսաստան ապրանքների արտահանման սահմանափակում: Բացի այդ կարող է զգալիորեն նվազել Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը:
• Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հնարավոր են քաղաքական հարձակումներ բազմաթիվ ճակատներով:
• Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման սպառնալիքները կարող են ավելի ակտիվորեն շարունակվել նաև Թուրքիայում: ԻՊ-ի դեմ պայքարող «Կրթիր ու զինիր» և այլ նախագծերի նման զինված ընդդիմադիրների պատճառով ԻՊ-ի թշնամությունը Թուրքիայի հանդեպ կարող է ավելի մեծանալ:
• Իրաքի քրդական շրջաններում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Անգլիայի և Թուրքիայի կողմից իրականացվող զինյալների ռազմական պատրաստությունը հետագայում կարող է հենց Թուրքիայի դեմ շրջվել: Եթե Բարզանին հայտարարի «Անկախ Քուրդստանի» մասին, ուսուցման նպատակով բերված զենքն ու զինամթերքը կարող են ուղղվել Թուրքիայի ազդեցության դեմ: Իսկ այդ զենքերի մի մասի հնարավոր փոխանցումը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) Թուրքիայի համար որոշակի վտանգ կարող է ստեղծել:
• Հունաստանում հունվարի 25-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները կարևոր են ոչ միայն Եվրամիության հետ հարաբերությունների տեսանկյունից, այլև դրանք կարող են մեծացնել լարվածությունն էգեյան և միջերկրածովյան շրջանում:
• Թուրքիա-Եվրոմիություն հարաբերություններում որևէ դրական առաջընթաց չի սպասվում:
Թուրք միջազգայնագետը պնդում է, որ այս ամենի պատճառով Թուրքիայի վիճակը թեթևացնելու և հնարավոր քաղաքացիական բռնկումները կանխարգելելու համար անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը.
1. Սիրիայում և Իրաքում առկա բացասական երևույթներից տնտեսապես ազատվել և Դամասկոսի հետ հասնել փոխհամաձայնության:
2. Սևծովյան շրջանում կայունության ապահովմանը և Ղրիմի թաթարների իրավունքներին հետամուտ հավասարակշռված քաղաքականություն վարել:
3. Հետամուտ լինել Կիպրոսի շրջակա ջրային տարածքներից բնական գազի արտահանման աշխատանքներում Թուրքիայի և կիպրոսաբնակ թուրքերի շահերին:
4. Հայկական սփյուռքի ցեղասպանության 100-ամյակի նախաձեռնություններին ի պատասխան, թեկուզ և ուշացումով, բայց պետք է համառորեն պահանջել թեմայի ուսումնասիրումը պատմագիտության տեսանկյունից:
5. Հաշվի առնելով Եվրոպայում մուսուլմանների և թուրքերի նկատմամբ ահագնացող անհանդուրժողականությունը`պետք է օրակարգ բերել` տարբեր հասարակական, քաղաքական և նույնիսկ կրոնական միությունների ու հաստատությունների կողմից (այդ թվում` Եվրամիություն, Եվրադատարան, ՆԱՏՕ, Սուրբ Աթոռ (Վատիկան), եվրոպաբնակ թուրքերի կյանքի և ունեցվածքի անվտանգության ապահովման հարցերը:
Միջազգայնագետը եզրակացնում է, որ այս ամենի համար կամ իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցությունը» (ԱԶԿ-AKP) պետք է արմատապես փոխի իր ռազմավարությունը արտաքին քաղաքականությունում, կամ պետք է երկրում իշխանափոխություն իրականացնել: