Երևանցիները Հայոց բանակի մասին. «Եթե մենք այսօր հանգիստ քնում ենք, դա մեր զինվորների շնորհիվ է»
«Շնորհավոր տոնդ, սիրելի բանակ: Միշտ եղիր հզոր, միշտ եղիր անպարտելի ու թող թշնամին միշտ վախենա քեզնից»,- Panorama.am-ի հետ զրույցում Հայոց բանակի տոնի առիթով այսպես սկսեց իր շնորհավորանքը երևանցի 60-ամյա Գայանեն, ում թոռնիկն այսօր նույնպես ծառայում է Հայոց բանակում:
«Իմ թոռնիկին, բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն եմ մաղթում, Աստված բոլորին պահապան»,- ասաց տիկին Գայանեն:
Երևանցիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն մեր այսօրվա բանակի մասին: Գրեթե բոլորը դրական էին արտահայտվում, ուրախությամբ խոսում «մեր սահմանների պահապանների մասին»: Իսկ բոլորի մաղթանքը մեկն է` խաղաղություն ու անփորձանք ծառայություն բոլոր զինվորիներին:
18-ամյա Անին հպարտությամբ նշեց, որ զինվորի քույր է: Եղբայրն արդեն մեկ տարի է ծառայում է Հայոց Բանակում. «Եղբորս շատ եմ կարոտում, բայց գիտակցում եմ, որ պետք է ծառայի: Ամեն օր աղոթում եմ բոլոր զինվորների համար, որ անփորձանք ծառայեն ու տուն վերադառնան: Եթե մենք այսօր հանգիստ քնում ենք, դա մեր զինվորների շնորհիվ է»:
«Ադրբեջանցիները ինչքան էլ հոխորտան` գիտեն, որ մեզ չեն կարող հաղթել: Աշխարհի ոչ մի երկրի բանակ մեր ոգին չունի: Ես մեր զինվորիների կյանքին մեռնեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Ռուբեն պապը, ում տղաները ծառայել են Հայոց բանակում, իսկ այսօր էլ երկու թոռնիկներ են ծառայում:
«Թոռներիս հետ երբ խոսում եմ, ասում են` պապի լավ ենք, մեր մասին մի մտածեք: Դե ոնց չմտածենք, բայց ուրախ եմ, որ էրեխեքս չեն դժգոհում, միշտ լավ են խոսում»,- հուզված ասաց 70-ամյա Ռուբեն պապն ու ավելացրեց. «Աստված ոչ անի, եթե պատերազմ սկսվի, ես էլ պիտի գնամ, թոռներիս հո մենակ չեմ թողնելու: Բայց թող մենակ խաղաղություն լինի, մեզ պատերազմ պետք չէ»:
Հակոբ Հակոբյանի որդին այսօր ծառայում է Արցախում: Մեզ հետ զրույցում նա հպարտությամբ նշեց, որ զինվորի հայր է:
«Տղաս վեց ամիս է ծառայում է բանակում: Բնական է, որ անհանգստանում եմ, բայց ինքը միշտ ասում է, որ անհանգստանալու կարիք չկա: Ինքը լավ է: Ես էլ միշտ իմ խորհուրդներով փորձում եմ տղայիս օգնել, ոգևորել: Որպես զինվորի հայր` իմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքերն եմ հղում հայոց բանակի բոլոր զինվորներին։ Մաղթում եմ բոլորին բարի ծառայություն, իսկ մեր հայրենիքին՝ խաղաղ ու անամպ երկինք»,- նշեց Հ. Հակոբյանը, ով 20 տարի առաջ նույնպես ծառայել է Արցախում և այդ օրերի մասին այսօր արդեն ժպիտով է հիշում:
Փողոցում հանդիպեցինք երիտասարդ զույգի: Նրանք փորձում էին այս օրը էլ ավելի տոնական դարձնել իրենց տղայի համար: Նրանց 4-ամյա որդին` Ռուբենը, փուչիկները ձեռքին հպարտությամբ քայլում էր ծնողների կողքով: Երբ հարցրեցինք, թե փուչիկներն ինչի համար են, ծնողները հուշեցին՝ Հայոց բանակի տոնի համար, փոքրիկն անմիջապես պատասխանեց. «Ես էլ եմ ուզում զինվոլ դառնալ, մամայիս, պապայիս պաշտպանեմ»:
«Շատ եմ ուզում բանակ գնալ, զինվոր լինել, մեզ թշնամուց պաշտպանեմ։ Անհամբեր սպասում եմ բանակ գնալու օրվան՝ 3 տարի հետո»,-այս խոսքերն էլ ասում է 15-ամյա Արմենը` վստահեցնելով, որ բանակ հենց այնպես, միայն պարտք կատարելու համար չի գնալու, այնտեղ իսկապես ծառայելու է, իսկ հարկ եղած դեպքում անգամ իր կյանքը չի խնայելու:
Հայրենիքի համար իր կյանքը չի պատրաստվում խնայել նաև Արմենի ընկերը` Գուրգենը:
«Չեմ ուզում, որ պատերազմ լինի, ուզում եմ միշտ խաղաղություն լինի, բայց եթե պետք լինի, մենք բոլորս պետք է մեր հայրենիքի սահմանները պաշտպանենք»,- նշեց Գուրգենը:
Նախկին զինծառայող Արշակն էլ հայրենիքին խաղաղություն, զինվորներին խաղաղ ծառայություն ցանկացավ. «Շատ լավ եմ գիտակցում՝ ինչ ասել է հայրենիքին ծառայել, սահմանները պահել, և, վերջապես, զինվոր լինել»:
Երևանցիները հպարտությամբ էին նշում նաև մեր բանակի մարտունակության, մեր զինվորների տոկունության մասին: Օգոստոսյան դեպքերը, ըստ մեր քաղաքացիների, դրա վառ վկայությունն են: Այդ ժամանակ մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ «մենք ուժեղ ենք, մենք ապրում ենք թշնամուց շատ լավ պաշտպանված երկրում»: