Նա իր հետևից թողեց անուն, պատիվ, հարգանք. հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրված զինվորի հայր
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ Նախագահի հրամանով հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրվեցին ժամկետային զինծառայողներ Վարդան Մկրտչյանը և Խաչատուր Բադասյանը, իսկ «Մարտական խաչ» մեդալով՝ զոհված զինծառայող Մովսես Գասպարյանը:
Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական գործողություների հետևանքով զոհված Վարդան Մկրտչյանի հայրը` Մարտիկ Մկրտչյանը, Նախագահական նստավայրում ստացավ որդու «Արիության մեդալը»:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ որդին ծնվել է 1995թ-ին հունիսի 12-ին, իր ծննդյան օրն էլ զինակոչվել է բանակ:
«Իր ցանկությունն էր, որ հենց այդ օրը բանակ գնա: Ավարտել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջին կուրսը և մեկնել բանակ: Պետք է վերադառնար ու շարունակեր ուսումը, բայց այս տարվա չարաբաստիկ հունվարի 3-ը նրա կյանքին վերջ դրեց: Մեն-մենակ մնալով ազերիների դեմ, մարտնչելով, որդիս լուսաբացին զոհվեց: Նա իր հետևից թողեց անուն, պատիվ, հարգանք, որը վայել է հայ տղամարդուն»,- հուզմունքը զսպելով ասաց Վարդանի հայրը:
Մ.Մկրտչյանի խոսքերով` ամեն օր խոսել է տղայի հետ, նույնիսկ այդ դեպքից 20 րոպե առաջ է խոսել:
«Նրանից երբեք որևէ բողոք չեմ լսել: Սահմանի լարվածության մասին էլ ոչ մի բան չէր ասում: Մեզ միայն ասում էր հանգիստ եղեք, ոչ մի բան չկա, ամեն ինչ կարգին է: Նա էր մեզ հույս տալիս»,- նշեց զինվորի հայրը` հավելելով, որ Վարդանը ամուսնացած չէր, բայց ուներ սիրած աղջիկ, որն անհամբեր սպասում էր նրան:
Հիշեցնենք, որ Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:
Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը: