«Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ․ Ցեղասպանությունների միջև տարբերություն դնելը միայն քաղաքական խնդիր է
Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում շուտով կմերկնարկի «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի լսումը։ Մինչ լսումների մեկնարկը Panorama.am-ի թղթակիցը զրուցեց «Շվեյցարիա-Հայաստան միության» նախագահ Սարգիս Շահինյանի հետ։
Սարգիս Շահինյանը, որի ղեկավարած կազմակերպությունն է ի սկզբանե դատի տվել Փերինչեքին՝ հայոց ցեղասպանությունը ժխտելու և այն «միջազգային սուտ» անվանելու համար, վստահեցրեց, որ գործով ներկայացված փաստարկները շատ ամուր իրավական հիմքեր ունեն։ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատարան է ներկայացվել 13 կողմի դիմումներ (հայցվոր՝ Փերինչեք պատասխանող՝ Շվեյցարիա, երրորդ կողմեր՝ Թուրքիա, Հայաստան, և 8 կազմակերպություններ), որոնցից միայն 3-ն է ի նպաստ թուրքական կողմի, և 10-ը հանդես է գալիս Շվեյցարիայի տեսանկյունից։
«Թղթի վրա մեր հնարավորությունները զգալի են, սակայն հաշվի առնելով այն, թե որոնք են ՄԻԵԴ գլխավոր սկզբունքները մարդու իրավունքների և ազատ արտահայտման հետ կապված, հաշվի առնելով նաև Փարիզում հունվարի սկզբին տեղի ունեցածը, սպասումները ոչ այդքան դրական են, սակայն դատական և իրավական հիմքերով շատ պատրաստված ենք»,-ասաց Սարգիս Շահինյանը։
Այսօրվա լսումները շատ կարևոր ազդեցություն պետք է ունենան, հատկապես Եվրոպական դատարանի իրավաբանության հստակեցման հիմքի վրա, ինչն էլ, ըստ պարոն Շահինյանի, այս դատավարության կարևորագույն արժեքն է։
«Մարդկային իրավունքների մասին առավել խորը պետք է խոսել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների միջև խտրականություն դնել, կարելի՞ է արդյոք ցեղասպանությունների զոհերի միջև խտրականություն դնել, ո՞րն է պարզ մտքի արտահայտման և ատելության հրահրման միջև տարբերությունը։ Սրանք կարևորագույն խնդիրներ են, որոնք վաղը և հետո 17 դատավորները ստիպված պետք է լինեն որոշել»,-նշեց Սարգիս Շահինյանը։
Հարցին, թե ինչու չպետք է Հոլոքոստը համեմատել Հայոց ցեղասպանության հետ, Սարգիս Շահինյանն ասաց․ «Սա քաղաքական հարց է»։
«Սրեբրենիցայում տեղի ունեցածը, երբ սպանվեց 7-8 հազար մարդ, միջազգային դատարանի կողմից որակվեց որպես ցեղասպանություն։ Սակայն, 1,2 մլն կամ 1,5 մլն մարդու ոչնչացումը, որը հիմնադրական ոճիրը եղավ մարդկության դեմ հանցանքի՝ ցեղասպանության սահմանման համար՝ այսինքն հայոց ցեղասպանությունը, չի որակվում որպես ցեղասպանություն։ Սա միմիայն քաղաքական խնդիր է»,-եզրափակեց նա:
Ինչպես տեղեկացրեց Սարգիս Շահինյանը, գործի լսումների ավարտից հետո դատավորներն արդեն իսկ կունենան իրենց որոշումը գործի վերաբերյալ, որը, սակայն, կհրապարակվի 10-ից 14 ամիս անց՝ գործն ամբողջությամբ պատրաստ լինելու ժամանակ։
Հիշեցնենք, որ Դողու Փերինչեքը, լինելով իրավագիտության դոկտոր և Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, 2005թ․-ին տարբեր քաղաքնեում և Լոզանում քննարկումների, կոնֆերանսների ժամանակ հանդես է եկել հայտարարություններով, խստորեն հերքելով հայոց ցեղասպանության փաստը՝ միաժամանակ հայոց ցեղասպանությունն անվանելով «միջազգային սուտ»։ Այս փաստի կապակցությամբ Շվեյցարիա-Հայաստան միությունը դիմել է Լոզանի դատարան՝ վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ ռասսայական խտրականության դրսևորման և քարոզման համար։ 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով Փերինչեքին դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն ժխտելու համար` ենթարկելով նրան ինչպես վարչական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վո կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը և չէին բեկանել կայացված դատավճիռը: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Եվրադատարանի իրավասու պալատը դատավճիռ էր կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Ամիսներ անց շվեյցարական կողմը դիմեց ՄԻԵԴ՝ Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով, ինչը բավարարվեց։