Թուրքիայի փոխվարչապետ. «Հայաստանի հետ հարաբերություններում մենք հակված ենք բարեկամության և համերաշխության հեռանկարին»
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում տեղի ունեցած Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքային խմբի 21-րդ նիստի ժամանակ, պատասխանել է Հայաստանի շրջափակման վերաբերյալ հարցին:
Ըստ թուրքական «ahaber.com» լրատվակայքի` նա մասնավորապես ասել է. «Ստիպված եմ նշել, որ մարդու իրավունքների և առկա իրականության հետ դա որևէ կապ չունի: Իրականում Հայաստանի հաղորդակցումն ու ապրանքափոխանակությունը աշխարհի հետ այս պահին հնարավոր է իրականացնել Հայաստան-Վրաստան (կամ Իրան)-Թուրքիա-այլ երկրներ ուղղությամբ: Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի միջև կան նաև գործող չվերթներ»:
Իսկ հայկական պատվիրակության` Հրանտ Դինքի սպանության հետ կապված համապարփակ հետազոտություն անցկացնելու առաջարկին ի պատասխան` Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ Դինքի սպանության ութերորդ տարելիցի առթիվ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պաշտոնական ցավակցական հայտարարությունն արդեն իսկ ընդգծում է, թե թուրքական պետությունը որքան մեծ կարևորություն է տալիս այս գործին. «Հայաստանի հետ հարաբերություններում մենք հակված ենք բարեկամության և համերաշխության հեռանկարին»:
Սիրիայում և Իրանում օտարազգի զորքերի հետ կապված Հայաստանի պատվիրակության առաջարկների վերաբերյալ Արընչը նշել է. «Հարևան երկրներում գործող արմատական խմբերին միանալու նպատակով երրորդ երկրների քաղաքացիների` մեր երկրով անցնելու փորձերը կանխարգելելու համար մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք: Մյուս երկրներից էլ նմանատիպ քայլերի ձեռնարկում և համագործակցություն ենք ակնկալում»: