Թուրքական ԶԼՄ-ների անդրադարձը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներին
Թուրքական «Ջումհուրիյեթն»անդրադարձել է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներին: Մասնավորապես, նյութում նշվում է, որ Փերինչեքը լսումների ժամանակ հայտարարել է, թե հրեական Հոլոքոստը պետք չէ համեմատել Հայկական հարցի հետ, քանի որ դրանք տարբեր բաներ են:
«Մայնեթ հաբեր» լրատվականն էլ թեմային կատարած անդրադարձի մեջ մեջբերել է Փերինչեքի այն խոսքերը, թե իրենք այստեղ են՝ Եվրոպայի բնակչության ազատության համար:
Ինչ վերաբերում է «Զաման»-ին, ապա լրատվականը ներկայացրել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի պատմությունը, թե ինչպես է այն սկսվել: Նշված է, որ ժամանակին Փերինչեքն արդարացվել է ՄԻԵԴ-ի կողմից՝ խոսքի ազատության հիմքերով: «Զամանը» նաև տեղեկություններ է տվել ՄԻԵԴ-ում թուրքական պատվիրակության կազմի մասին՝ նշելով, որ դատարանում որպես երրորդ կողմ ներգրավված է նաև Հայաստանը:
«Թըդեյս Զաման» թուրքական անգլալեզու կայքում ևս մանրամասն ներկայացված է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի ողջ պատմությունը, սակայն այս կայքն անդրադարձ է կատարել նաև Ամալ Քլունիի ունեցած ազդեցության վրա:
Մասնավորապես, նյութը վերնագրված է՝ «Հայոց ցեղասպանության ժխտման հարցով դատական գործը Փերինչեքին տիկին Քլունիի դեմ է դուրս հանել»: «Թըդեյս Զամանը» նաև մեջբերել է Քլունիի այն խոսքերը, որ հայկական կողմը դատական լսումներին մասնակցում է ոչ թե խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այլ պաշտպանելու: Կայքը գրել է նաև Ամալ Քլունիի՝ Օսմանյան կայսրության պատմությունից բերած փաստերի մասին: Նյութի մեջ տեղ է գտել նաև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի հայտարարությունն այն մասին, որ եթե դատարանը Փերինչեքին դեմ որոշում կայացնի, ուրեմն այն անկախ չէ, այլ՝ կողմնակալ:
Ընդհանուր առմամբ, թուրքական բոլոր ԶԼՄ-ներում շեշտվում է այն փաստը, որ Փերինչեքը ժամանակին արդարացվել է՝ խոսքի ազատության հիմքերով: