Ակցիա՝ կառավարության մոտ. «Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»
«Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխությունների դեմ բողոքողները կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ:
«Մենք դեմ չենք փաստաշրջանառությանը, ուղղակի հնարավոր չէ, որ մեկ հոգի այդքան գործ անի: Այս ամենը տանում է շուկաների վերացմանը: Եթե մարդիկ հաց են վաստակում, հարկեր են վճարում, կարողանում են հարցեր լուծել, փետրվարի 1-ից հետո այդ հարցերը չեն կարողանալու լուծել: Լինելու են մարդիկ, որ թողնելու, չլուդ գնալու են Հայաստանից»,- ասաց առևտրականներից մեկը:
Նրանց խոսքով, այլընտրանքային տարբերակներ կան, օրինակ՝ 1 տոկոս փաստաթղթաշրջանառությամբ, 3 տոկոս՝ առանց փաստաթղթաշրջանառությամբ, շուկաներում տաղավարներից, սեղանիկներից, փոքր տաղավարներից գոնե հաստատագրված վճարի սահմանում:
Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին օրենքի» փոփոխություններն ուժի մեջ են մտնելու փետրվարի 1-ից: Փոփոխությունների համաձայն՝ շրջանառության հարկը 3,5%-ից կնվազի մինչև 1%: Միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
«Մենք պահանջում ենք օրենքի կասեցում»,- ասում են առևտրականները:
Կառավարության ներկայացուցիչը բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց, որ իրենք դեռ երեք օր առաջ հնարավորություն ունին հանդիպել ու քննարկել:
«Դուք ունեիք հնարավորություն»,- ասաց նա ու հեռացավ:
Գյումրեցի առևտրականները տեղեկացրել էին, որ ժամանում են Երևան, սակայն ակցիայի մասնակիցներից մեկը հայտնեց, որ մեկ ավտոբուս, որով գյումրեցիները ցանկացել են գալ Երևան, հետ են ուղարկել, սակայն մի մասին հաջողվել է շարունակել ճանապարհը:
«Սա նշանակում է, որ ոչ թե անտեսված ենք, այլ վախեցրած ենք, եթե կա նման իրավիճակ, միջադեպ, նշանակում է, որ այն կառավարությունը, որն ընդունել է այս օրենքը, այդ կառավարությունն այսօր սարսափած է, քայլեր է ձեռնարկում, մեր բողոքի ակցիայի աղմուկը կտրելու համար»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից Արտակ Խաչատրյանը: