Կարսի վանական համալիրից այսօր միայն մեկ կիսավեր եկեղեցի է պահպանվել
Կարսի նահանգի Դիգոր շրջանում գտնվող հայկական հինգ եկեղեցիները (Խծկոնք) անխնամության և լքվածության պատճառով փլուզման եզրին են: Այս մասին հայտնում է Ermenihaber.am լրատվականը` հղում տալով թուրքական «Հաբեր 3»-ին:
Պատմական Անի քաղաքի հարավ-արևմուտքում` 25կմ. հեռավորության վրա, իսկ Կարսի Դիգոր վարչական շրջանի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող երեք ժայռերի վրա կառուցված հինգ հայկական եկեղեցիներից այսօր միայն կիսավեր Սուրբ Սարգիս եկեղեցին է մնացել, որը հավաքատեղի է դարձել խաշնարածների ու գանձախույզների համար:
Եկեղեցու ներսը ախոռի է վերածվել, պատերը կիսաքանդ են: Տեղի բնակիչները եկեղեցու քարերը որպես շինանյութ օգտագործել են մասնավոր նպատակներով: Սուրբ Սարգիսը վանական համալիրի հինգ եկեղեցիներից ամենամեծն է, այստեղ պահպանված ամենահին արձանագրությունը թվագրված է 1033թ.:
Դիգորի հինգ եկեղեցիներն են եղել` Սուրբ Կարապետը, Մարիամ Աստվածածինը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Գրիգորը և Սուրբ Սարգիսը: Բոլորն էլ գմբեթավոր և հատուկ հղկված քարերով են կառուցվել: Վանական համալիրը հայտնի է Խծկոնք (թուրքերենում` «Հինգ եկեղեցի») անվամբ: Համալիրի կառուցման տարեթվի մասին որևէ վկայություն չկա: Հայտնի է միայն, որ այն լքվել է 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո: Ավելի ուշ, երբ 1878-ին Կարսն անցել էր ռուսական տիրապետության տակ, Խծկոնքը հանձնվել էր հայ եկեղեցուն: Վանական համալիրի կառույցները վերականգնվել էին և վերաբացվել որպես ուխտատեղի: Այսօր, սակայն, հանրապետական Թուրքիայի կազմում գտնվող վանական համալիրը շարունակում է մնալ անմխիթար վիճակում: