«Դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը». Կոմիտասի թանգարանն արդեն բաց է
Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտն, արդեն բացել է իր դռները հանրության առջև: Ութ սրահում ամփոփված նյութերն ամբողջական պատկերացում են տալիս հայ երաժշտական մշակույթի երախտավորներից մեկի՝ Կոմիտասի կյանքի ու գործունեության մասին:
«Անարդար էր, որ Կոմիտասը մինչև այժմ չուներ թանգարան: Կարծես թե հնարավոր պուրակները, փողոցները, երաժշտական խմբերը, պարային համույթները կրում էին Կոմիտասի անունը, տեղադրվել էին տարբեր հուշարձաններ, կիսանդրիներ, բայց, այնուհանդերձ, Կոմիտասը Հայաստանում իր հասցեն պետք է ունենար: Այս թանգարանն ամփոփում է մեր բոլոր իղձերը: Դժվար էր պատկերացնել, որ ականատես կդառնանք կարևորագույն իրադարձությանը»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը լրագրողներին ասաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նա հույս հայտնեց, որ թանգարանը կբացահայտի Կոմիտասի անհայտ կողմերը, վստահ է, որ մարդիկ տարբեր նյութեր կբերեն և կզետեղեն այս օջախում, որն այսուհետև կարևորագույն մի վայր է:
Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: Նա հույս ունի, որ կառույցը կծառայի իր նպատակին. «Հուսով եմ, որ Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը կբերի որոշակի որակական փոփոխություններ մեր մտածողության և մշակութային զգացողության մեջ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն մարդիկ, ովքեր թանգարանում են: Թանգարանը մարդիկ են, միայն կառույցը չէ: Ճարտարապետությունն իր տեղն ունի, բայց թանգարանը մարդիկ են, այն միջավայրն է ու օդը, որի մեջ պետք է դաստիարակվեն մեր երեխաները: Գլխավորապես մտածում էի եկող սերնդի մասին, կարծում եմ՝ ստացվել է: Ես Կոմիտաս վարդապետի նկատմամբ ազնիվ եմ եղել»:
Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի խոսքով, ստեղծվել է մի կառույց, որը շատ սպասված է եղել ամբողջ հայ ժողովրդի համար. «Մենք ունենալու ենք մշակութային օջախ, որով հպարտանալու ենք: Կառույցն իրականացնելու է կրթական, գիտահետազոտական, համերգային գործունեություն»:
«Որպես կոմպոզիտոր՝ Կոմիտասը մշտապես ներկա է եղել մեր կոլեկտիվների երգացանկում, բայց իր անվան հետ կապված վայր չկար: Թանգարանի ստեղծումը Կոմիտասի անունը հասցեական դարձնելն էր: Կոմիտասը մեր մշակութային կյանքում ամենուր է»,- ասաց պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 30-ին, Հայաստանի նախագահի առաջարկի հիման վրա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իր նիստում որոշում էր ընդունել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու մասին: Այդ որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ մշակույթի նախարարությանը տրամադրվել էր Կոմիտասի անվան զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատը, որի հիման վրա կառուցվել է թանգարան-ինստիտուտի նոր շենքը: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները: Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը: 2014 թ. հուլիսի 24-ին ՀՀ կառավարությունն ընդունել էր «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին որոշումը:
Նախորդող հրապարակում՝
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները