Հայաստանը պետք է օգտվի ռուսական ռուբլու թուլացումից. կարծում է տնտեսագետը
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանն այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքին՝ նշեց, որ շատ լավատես է և, կարծում է, որ փոխարժեքի տատանումները կառավարելի կլինեն:
«Ես կողմ եմ, որ ազգային արժույթը լինի տրամաբանական սահմաններում կանխատեսելի փոխարժեքով, բայց հիմնավորված առողջ տնտեսությամբ»,- ասաց տնտեսագետը:
Նրա խոսքերով` վերջին տարիների միտումները բերեցին դոլարի արժևորման այս մակարդակին, բնականաբար, ըստ նրա, այստեղ պետք է նկատի ունենալ նավթի գները, որոնք շարունակելու են նվազել միջազգային շուկայում:
«Նավթի գները առաջիկա 2-4 տարիների ընթացքում մեծ դեր են խաղալու դոլարի և եվրոյի փոխարժեքի վրա: Կարծում եմ, որ նավթի գինը կարող է հասնել ռեկորդային մակարդակի` կազմելով 25-30 եվրո 1 բարելի դիմաց»,- նշեց Թ.Մանասերյանը:
Նա նաև չբացառեց, որ առաջիկա ամիսներին դոլարը արհեստական արժեզրկվի: Սակայն, ըստ նրա, չի կարելի տնտեսությունը դիտել միայն ստաբիլ վիճակում, այն դինամիկ օրգանիզմ է:
«Մենք քննարկում ենք, որ ՌԴ-ից ՀՀ մտնող տրանսֆերտները նվազել են, իսկ ո՞վ ասաց, որ տրանսֆերտային տնտեսությունը պետք է պահենք հավերժ, ո՞վ ասաց, որ չպետք է օգտվենք ռուսական ռուբլու թուլացումից ու հումք ներկրենք և օգտագործենք տնտեսությունում»,- ասաց տնտեսագետը:
Թ.Մանասերյանը նաև նշեց, որ նախկին ճգնաժամերից օգտվել Հայաստանին չհաջողվեց, բայց այսօր պետք է քայլեր մշակվեն ճգնաժամից օգտվելու համար:
«Հիմա կարծում եմ, որ պետք է դռները բացել նոր տեխնոլոգիաների առջև, ինչը նախորդ կառավարությունը կիսատ արեց և ավելի շատ վնասեց տնտեսությանը: Ես առաջարկ ներկայացրեցի, որ սարքավորումների համար ընդհանրապես մաքսատուրք չգանձվի, բայց կառավարությունը դրեց շեմ, ինչը ջուր լցրեց խոշոր բիզնեսի ջրաղացին: Եթե ուզում ենք արդիականացնենք մեր տնտեսությունը, պետք է այդ շեմը վերացնենք: Ես կողմ եմ պրոակտիվ քաղաքականությանը, որին դատապարտված է Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծեց Թ.Մանասերյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն էլ նշեց, որ շատերի կարծիքով` դոլարը կտրուկ արժևորվել է, սակայն մեկ տարվա կտրվածքով դրամը դոլարի համեմատ արժեզրկվել է ընդամենը 17 տոկոսով, իսկ եվրոյի համեմատ` 3 տոկոսով:
Փոխարենը, ըստ նրա, ռուսական ռուբլին դրամի համեմատ արժեզրկվել է 34 տոկոսով:
«Այստեղ խնդիրներ կան և այս մասին պետք է խոսենք, քանի որ Ռուսաստանում ռուբլով վաստակող մարդկանց եկամուտը Հայաստանում այդքան նվազել է: Սա մտահոգիչ է նաև տնտեսական առումով»,- ասաց Ա.Խուրշուդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները