Սերժ Սարգսյան. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՄԻԵԴ ընդդատության խնդիր չէ
Ցեղասպանությունների հարցում ժխտողականությունն այդ հանցատեսակի կրկնության նախաազդակն է: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում ունեցած ելույթում:
Խոսելով պաշտոնական թուրքական ժխտողականության մասին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդկերպ Թուրքիայի մերօրյա իշխանությունները կապվում են Հայոց ցեղասպանությունն իրագործած իրենց նախորդների հետ և դառնում նրանց մեղսակիցը:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում, մասնավորապես, օրինակ է բերել այս օրերին Ստրասբուրգում «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի կառավարության» գործով ընթացող լսումները:
«Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց:
Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին:
Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին»,- նշել է Սերժ Սարգսյանը:
«Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում»,- տեղեկացրել է նախագահ Սարգսյանն ու հայտնել, որ հիշատակված թղթածրարի նախապատրաստման ընթացքի մասին զեկույց կներկայացնի հանձնախմբի ղեկավար, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյանն Էրդողանի քայլը որակել է ցինիկ և անհեռատես
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան