Կոլորադոյի Սենատը Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի ներկայությամբ տապալել է ադրբեջանամետ բանաձևը
Կոլորադո նահանգի Սենատը քվեարկությունից անմիջապես առաջ ադրբեջանցի դիվանագետի` Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի ներկայությամբ հանել է հակասական «ԱՄՆ-ի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերության» մասին SJR 15-006 բանաձևը: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը` հղում կատարելով ԱՄՆ հայ դատի հանձնախմբին:
Հանձնախմբի` նահանգի խորհրդարանում ունեցած աղբյուրների փոխանցմամբ` սենատոր Լարի Քրոուդերը բանաձևը քվերակության օրակարգից հանել է հունվարի 29-ին: Քվերակությունը տեղափոխվել է 2015 թվականի մայիսի 15-ին:
«Կոլորադոյում մեր արագ և զանգվածային մոբիլիզացիան ընդդեմ ադրբեջանական լոբբիի` փաստերը խեղաթյուրող օրենք ներկայացնելու շարունակական, անհաջող փորձերին, ցույց է տալիս մեր Հարցի արդարության և ճշմարտությանը հետամուտ լինելու մեր համայնքների ու կազմակերպությունների պատրաստակամությունը»,-ասել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը` ողջունելով այն հանգամանքը, որ Կոլորադոն միացել է Հավայան կղզիներին, Միսիսիպի, Հարավային Դակոտա, Թենես և Վայոմինգ նահանգներին` Ադրբեջանին ցույց տալով, որ չեն «վաճառվում» Իլհամ Ալիևի կոռումպացված և նավթով հարուստ վարչակարգին:
«Մենք շնորհակալ ենք սենատոր Քրոուդերին` Ադրբեջանում ներքին բռնաճնշումների և արտաքին ագրեսիայի մասին պատկերացում կազմելուց հետո բանաձևը քվերակությունից հանելու համար»,-ավելացրել է Ասատրյանը:
Նշենք, որ Ասատրյանը հունվարի 26-ին նամակ էր հղել Կոլորադո նահանգի Սենատին` կապված SJR15-006 բանաձևի հետ, որում խեղաթյուրվում է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին իրականությունը:
Բանաձևում հատուկ կետ կար Լեռնային Ղարաբաղի մասին, ըստ որի ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը ճանաչում ու աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 33400 ք/մղոն տարածքում, որն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում