Թուրքիայի ԱԳՆ-ն Ծիծեռնակաբերդի լուսանկարի պատճառով հետաքննություն է սկսել
Թուրքիայի արտգործնախարարությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի լուսանկարը հայտնվել գերատեսչության հրապարակած օրացույց-գրքույկում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «ajans01.com» լրատվական կայք՝ նշելով, որ օրացույցի բաժանումը դադարեցվել է և ճշգրտվում է, թե ում կողմից է նկարը ներառվել հիշյալ գրքույկի մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարարությունը Գալիպոլիի (Դարդանելի) ճակատամարտի 100 ամյակի կապակցությամբ, որն այս տարի առաջին անգամ պաշտոնապես նշվելու է ապրիլի 24-ին, հատուկ օրացույց-գրքույկ էր հրապարակել: Ապրիլ ամսվա բաժնում հայտնված լուսանկարների շարքում տեղ էր գտել նաև Հայոց ցեղասպանության հուշարձանի նկարը: Թուրքական «Yenicağ» թերթի սյունակագիր Ահմեթ Թաքանը քննադատել էր այդ երևույթը և կարծիք հայտնել, որ Թուրքիայի արտգործնախարարության այդօրինակ քայլը կարող է մեծ սկանդալի պատճառ դառնալ: