Հաստատվեց Դիաբետոնի գնման գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագիծը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիտում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կարիքների համար Դիաբետոն 60մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին որոշման նախագծին:
Ինչպես նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, որոշման նպատակն է պետական բյուջեից հատկացվող միջոցների շրջանակներում 2015-2019 թվականներին անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դիաբետոն 60մգ դեղի պահանջարկը: Հիշյալ որոշման ընդունմամբ 2015 թվականի գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի 79.610.000 ՀՀ դրամ՝ միաժամանակ ապահովելով մրցակցային գնման արդյունքում ձեռք բերվող դեղի դիմաց ծախս-որակ լավագույն արդյունքը:
2015-2019 թվականների կարիքների համար Առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական Լե Լաբողատուաղ Սեղվիե ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու անհրաժեշտությունից:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի համար ՀՀ առողջապահության նախարարության կողմից շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով պլանավորվել և ըստ ճշտված գնումների պլանի նախատեսվել է 9.500.000 դեղահաբ, սակայն իրական պահանջը կազմում է 12.000.000 դեղահաբ: Դիաբետոն (Գլիկլազիդ) 60մգ դեղի պահանջարկը կապված հիվանդների թվաքանակի ավելացման հետ տարեկան աճում է 10 և ավելի տոկոս: 2019թ. անհրաժեշտ կլինի ապահովել 13.900.000 դեղահաբ, ինչը հնարավոր չէ ապահովել ներկայիս բյուջետային միջոցներով և գնման ընթացակարգերով: ՀՀ առողջապահության նախարարության 2014թ. կարիքների համար իրականացված հակադիաբետիկ դեղի գնման գործընթացների արդյունքում ձեռք է բերվել հնդկական արտադրության Գլիկլազիդ 60մգ դեղը` միավոր դեղահաբը 44,7 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա