Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կհոգա հեպատիտ C-ով վարակված 13 քաղաքացիների բուժման ծախսը
ՀՀ առողջապահության նախարարությունը վերահաստատել է, որ «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների թիվը հասել է 13-ի:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ միաժամանակ, պարզվել է, որ 13 հիվանդներից 5-ը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ են:
«Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը և այն հանգամանքը, որ հեպատիտ C-ի բուժումը յուրաքանչյուր առանձին դեպքում լուրջ ծախսերի հետ է կապված, ինչպես նաև նկատի ունենալով, որ վերոհիշյալ հիվանդության բուժումը չի ներառվում առողջապահական ապահովագրությամբ փոխհատուցվող հիվանդությունների ցանկում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը համապատասխան քննարկումներ է անցկացրել հիմնական բաժնետեր «Քրոնիմետ մայնինգ»-ի և Առողջապահության նախարարության ղեկավարության հետ:
Քննարկումների արդյունքում մեր կողմից որոշում է ընդունվել հոգալ կոմբինատի 5 աշխատակիցների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ողջ ծախսը: Բացի այդ, հավատարիմ մնալով որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությանը պատրաստականություն է հայտնում իր վրա վերցնելու ևս 8 քաղաքացների՝ այս պահին անհրաժեշտ բուժման ծախսը»,-ասված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան