ԱՄՆ պետքարտուղարը տուգանվել է առանձնատան դիմաց կուտակված ձյունը չմաքրելու համար
ԱՄՆ Բոստոն քաղաքի իշխանությունները տուգանել են Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիին` իր առանձնատան դիմաց կուտակված ձյունը չմաքրելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Տասս» գործակալությունը, վկայակոչելով քաղաքի հանրային աշխատանքների ծառայության ներկայացուցչին։
Նշվում է, թե տուգանքի չափը կազմել է 50 դոլար։
Վերջին օրերին ԱՄՆ մի շարք նահանգներում ձյան ուժգին տեղումներ էին արձանագրվել, ինչի հետևանքով արտակարգ դրություն էր հայտարարվել։ Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշն հայտարարություն էր տարածել, թե առանձնատների դիմաց կուտակված ձյունը չմաքրող քաղաքացիներին տուգանքներ են սպասվում։ Օրինազանցների շարքում է հայտնվել նաև պետքարտուղար Քերին, ում պատկանում է Բոստոնի կենտրոնից ոչ հեռու գտնվող դեռևս 1899 թ-ին կառուցված հինգ հարկանի, շուրջ $11,5 միլիոն արժողությամբ աղյուսե տունը։
Նշվում է, թե ձյունաբքի ընթացքում պետքարտուղարն այցով գտնվելիս է եղել Սաուդյան Արաբիայում։ Պետքարտուղարի ներկայացուցիչ Գլեն Ջոնսոնն արդեն հայտարարել է, թե պետքարտուղարը մոտակա օրերին անպայման կվճարի տուգանքը։