Հայտարարություններ, որ վկայում են Անկարայի անհանգստության մասին. Թուրքագետ
Թուրքիայի նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են Անկարայի անհանգստության մասին: Որքան էլ Թուրքիան լարել է, մոբիլիզացրել է իր ողջ պետական զինանոցը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի պետական ու քաղաքական շրջանակներում էականորեն մեծացել է անհանգստությունը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանի հայտարարության վերաբերյալ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` ավելացնելով, որ Անկարայի ձեռքին որպես «սպառված հաղթաթուղթ» մնացել է տարիներ շարունակ շահարկվող պատմաբանների ուսումնասիրության, արխիվների հարցը, ինչն այլևս արդիական չի դիտվում գործընթացի համատեքստում:
«Այսինքն` Հայոց ցեղասպանության պատմական իրողության հարցն այլևս քննարկման առարկա չէ, անքննելի է, խնդիրն այժմ տեղափոխվում է առավելապես իրավական հարթություն: Եվ հենց սա է լրջորեն անհանգստացնում պաշտոնական Անկարային, քանի որ իրավական հարթությունում հարցը դիտարկվում է հատուցման, ցեղասպանության հետևանքների վերացման համատեքստում: Այս առումով աննախադեպ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի հրապարակումը, որում արտացոլված է նաև ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար իրավական փաթեթի մշակման հարցը»,- նշեց Լ. Հովսեփյանը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ եթերում պատասխանելով լրագրողների հարցերին` կրկին բարձրաձայնել է ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու թուրքական կողմի առաջարկի մասին և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները` ինչպիսին էլ որ դրանք լինեն:
«Մենք միանգամայն անկեղծ պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց նրանք (հայերը- խմբ.) փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»,-ասել է Թուրքիայի նախագահը: