Ռոբերտ Դոլդը` ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ
ԱՄՆ Իլինոյս նահանգի կոնգրեսական Ռոբերտ Դոլդը նշանակվել է Կոնգրեսում հայկական հարցերով խմբի համանախագահ: Այս մասին տեղեկացնում է «Asbarez.com»-ը:
Կոնգրեսականը հայկական հարցերով խմբում աշխատելու է խմբի մյուս համանախագահ Ֆրանկ Փալոունի հետ: Կոնգրեսականի նշանակմանը անդրադարձել է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը: Տարածած հայտարարությամբ` հանձնախումբը ողջունել է Ռոբերտ Դոլդի նշանակումը, վստահություն հայտնելով, որ Հայոց ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչման հարցում վերջինիս ունեցած դիրքորոշումը նրա ձայնն ավելի լսելի կդարձնի կոնգրեսականների շարքերում:
Ողջունի խոսքով է հանդես եկել նաև Դոլդի պաշտոնակիցը` խմբի համանախագահ Ֆրանկ Փալոունին: Վերջինս համոզվածություն է հայտնել, որ իրենք համատեղ կկարողանան ի կատար ածել խմբի առջև դրված խնդիրները և իրենց միասնական նպատակները` հատկապես Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց:
«Պատրաստ եմ նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը և Կոնգրեսում իմ գործընկերների հետ աշխատել մարդու իրավունքները առաջ մղելու, ինչպես նաև ցեղասպանության ժխտման վրա լույս սփռելու և Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը այդ իրադարձության 100-րդ տարելիցին ընդգծելու համար»,- նշել է նորանշանակ համանախագահ Ռոբերտ Դոլդը: