Ստվերային տնտեսության կրճատման համար պետք է սկսել խոշոր բիզնեսից, ոչ չէ ՓՄՁ-ներից. Վազգեն Սաֆարյան
Փոքր և միջին բիզնեսը պետք է պետության կողմից աջակցություն ստանա, ինչպես նաև նրան պետք է զարգանալու հնարավորություն տրվի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին:
Նրա խոսքերով` Հայաստանում ՓՄՁ ոլորտում զբաղվածների թիվը հասնում է 60-70 հազարի, որոնք կարողանում են իրենց ապահովել աշխատանքով. «Մենք գտնում ենք, որ ՓՄՁ ոլորտը Հայաստանում պետք է հնարավորինս ընդլայնվի: ՓՄՁ-ների շրջանառության հարկը փոքր բաժին է կազմում պետբյուջեի ընդհանուր հարկային մուտքերում` 2-2,5 տոկոս: Եւ այսօր խոսել այն մասին, որ այդ 2-2,5 տոկոսը կարող է էական նշանակություն ունենալ մեր բյուջետային մուտքերում, կարծում եմ` իրատեսական չէ»:
Անդրադառնալով ստվերի կրճատմանը, նա նշեց, որ թեև ՀՀ կառավարությունը միշտ փորձում է ստվերային տնտեսությունը հնարավորինս կրճատել, որը Հայաստանում հասնում է 30-50 տոկոս, սակայն ստվեր առաջանում է ոչ թե փոքր ու միջին բիզնեսի տնտեսվարողների մոտ, այլ խոշոր բիզնեսի` մասնավորապես ներմուծողների մոտ. «Խոշորներին գտնելու և ստվերային տնտեսությունից ազատվելու ամենալավ տարբերակը ճիշտ մաքսային քաղաքականությունն է, դրա համար պետք է մաքսային սահմանի վրա ձևակերպումները հստակ լինեն»:
Ինչ վերաբերում է շրջանառության հարկին, Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միությունը, ըստ նրա, առաջարկում է թողնել, որպեսզի առևտրականներն ազատ ընտրություն կատարեն: Եթե նրանք կարողանում են փաստաթղթեր ձեռք բերել և իրենց փաստաթղթաշրջանառությունը հիմնավորել, ապա կարող են 1 տոկոսի հարկ մուծել, բայց նրանք, ովքեր չեն կարողանում այդ փաստաթղթերը ներկայացնել, նրանց պետք է հնարավորություն տրվի աշխատել հարկային հին տոկոսադրույքով` վճարելով 3,5 տոկոսի հարկ:
Վ.Սաֆարյանը նշեց նաև, որ ՓՄՁ ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ կարողանում են առանց կանխիկ գումարի ապրանք ձեռք բերել խոշոր ներմուծողներից և իրացնելուց հետո միայն վճարել: Հիմա, եթե նրանք խոշոր ներկրողից փաստաթուղթ պահանջեն, բնական է, որ առաջացնելու է նրանց դժգոհությունը և կդադարեցնեն ՓՄՁ-ներին ապրանք տրամադրել:
Վ.Սաֆարյանի խոսքերով` իրենք այս դեպքում նաև առաջարկում են նախատեսել հարկահավաքման հաստատագրված վճարի տարբերակը, ինչպես նաև հնարավորինս սահմանափակել հարկային տեսուչների մուտքը ՓՄՁ տնտեսվարողների գործունեության տարածքներ. «Մի փաստաթղթաշրջանառության համար պահել լրացուցիչ հաշվապահ, տնտեսություն վարել, բնական է, որ առաջացնելու է առևտրականների դժգոհությունը: Բացի այդ, նրանցից շատերը չունեն բավարար կրթություն, փորձառություն, որ կարողանան հարկային տեսուչներին ապացուցեն իրենց շրջանառությունը, դրա համար այս նոր օրենքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»:
Նա նշեց նաև, որ Կառավարությունն այսօր չի կարողանում մասսայական աշխատատեղեր ստեղծել, ուրեմն չպետք է խանգարել այն մարդկանց, ովքեր իրենց աշխատատեղ են ապահովում:
Վ.Սաֆարյանի խոսքերով` պետք է զարկ տրվի Հայաստանի արդյունաբերական քաղաքականության զարգացմանը: Եթե այսօր ունենայինք այն արդյունաբերությունը, որը մենք ունեցել ենք խորհրդային տարիներին, ապա այսօր կառավարությունը չէր ընկնի փոքր և միջին բիզնեսի հետևից: