Կառավարությունը չի ցանկանում սրացնել իրավիճակը և գնում է զիջումների. տնտեսագետ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը մինչև հուլիսի 1-ը հետաձգելը նշանակում է, որ Կառավարությունը չի ցանկանում սրացնել իրավիճակը և գնում է զիջումների: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը արտահերթ նիստում որոշում կայացրեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչև փետրվարի 1-ը, հետաձգել մինչև հուլիսի 1-ը:
Վ.Խաչատրյանի խոսքերով` սա առաջին հերթին նշանակում է, որ կառավարությունը ժամանակ է շահում, որպեսզի առևտրականների պայքարը թուլացնի, մարի, քանի որ դժվար թէ սրանից հետո նրանք շարունակեն նույն ոգով պայքարել: Երկրորդ, ըստ նրա, սա մի ժամանակահատված է, երբ նոր փոփոխություններ կմտածեն կամ այլընտրանքային տարբերակ կառաջարկեն առևտրականներին:
«Նրանք պետք է ինչ-որ բան անեն, որպեսզի շրջանառության հարկը այդքան ծանր չանդրադառնա առևտրով զբաղվողների վրա»,- ասաց տնտեսագետը:
Այսպիսով, ըստ Վ.Խաչատրյանի, առևտրականների բողոքի ալիքը կթուլանա և նրանք կսպասեն մինչև հուլիսի 1-ը, որպեսզի Կառավարությունը իրենց համար այլ փոփոխություններ առաջարկի:
«Իսկ եթե ոչինչ չառաջարկի, ապա հուլիսի 1-ից հետո նորից կսկեն իրենց պայքարը: Նախ կառավարությունը պետք է մտածի` եթե արտոնություն են տվել, ապա ինչու է դա վատ ընդունվում առևտրով զբաղվողների կողմից: Եթե ռեալ արտոնություն է, պետք է գրկաբաց ընդունեին, մինչդեռ դա նշանակում է, որ կան որոշ խութեր, որոնք բացասական կարող են ազդել նրանց գործունեության վրա»,- ընդգծեց Վ.Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի խոսքին, թե այս ժամանակահատվածում կմշակեն այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն 350 հազար դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ տնտեսվարողների համար, Վ.Խաչատրյանը նշեց, որ սա նշանակում է` շեմը թողնում են նույնը, պարզապես փորձում են այդ շեմի շրջանակներում արտոնություններ տրամադրել, քանի որ հասկանում են` ՓՄՁ-ների համար 58 մլն 350 հազար դրամ շրջանառությունը բավականին դժվար է:
Բացի այդ, ըստ նրա, այս տարի Ռուսաստանում ճգնաժամային երևույթներ են սպասվում, բնական է, որ այդ իրադարձությունները ազդելու են նաև Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների վրա:
«Դրա համար Կառավարությունը հիմիկվանից փորձում է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի ՓՄՁ-ներին այս խնդիրներից զերծ պահի, կամ էլ արտոնյալ պայմաններ ստեղծելով` նրանց գոյատևման խնդիրը լուծի»,- ասաց Վ.Խաչատրյանը:
Նախորդող հրապարակում`
«Շրջանառության հարկի մասին» օրենք. որոշ կետերի կիրառման ժամկետը հետաձգվել է