Աբբաս Արաղչի. Իրանի հրթիռային համակարգերի հարցը բանակցության առարկա չի կարող լինել
«Իրանի հրթիռային համակարգերի հարցը ոչ մի դեպքում չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին, անդրադառնալով նախօրեին Իրանի կողմից տիեզերք արձակված «Ֆաջր» տիեզերանավին, հայտարարել է, թե Իրանի հրթիռային համակարգերը սպառնում են տարածաշրջին: Պսակին պնդել է, որ իրանական հրթիռներն ատոմային մարտագլխիկներով զինելու կարողության հարցը մինչ այդ ընդգրկված է եղել բանակցությունների օրակարգում և այն կրկին քննարկման առարկա պետք է դառնա:
Իրանի փոխարտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակին, հայտարարել է. «Իրանի հրթիռային համակարգերը բացառապես հետապնդում են պաշտպանական նպատակ: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական համակարգերի հարցը չի կարող դառնալ բանակցության առարկա և Թեհրանը ոչ մի դեպքում այդ հարցը չի քննարկի արտաքին որևէ ուժի հետ»:
Հիշեցնենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթնակի տասնօրյակի և տիեզերագնացության ազգային օրվա նախօրեին Իրանը տիեզերք է ուղարկել տեղական արտադրության «Ֆաջր» տիեզերանավը:
Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի խոսքով՝ «Ֆաջր» տիեզերանավն ազգային նախագիծ է, որն ամբողջությամբ նախագծվել և արտադրվել է պաշտպանության նախարարության ավիացիոն-տիեզերական արդյունաբերության կազմակերպության կողմից: