Թեթև արդյունաբերության ոլորտում գործը խոսակցություններից այն կողմ չի անցնում. մասնագետներ
Առանց արտադրանքի արտահանման թեթև արդյունաբերությունը երկար աշխատել չի կարող, իսկ դրա համար երկրի ներսում պետք է պայմաններ ստեղծվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին:
«Առանց արդյունաբերությունը զարգացնելու ոլորտը հաջողություն չի ունենա: Մեր ոլորտը ընդգծված սոցիալական ուղղություն ունի, այսինքն՝ մենք ապահովում ենք աշխատատեղեր, բայց չենք կարող կրել հարկային բեռը այնպես, ինչպես օրինակ՝ հանքարդյունաբերությունը»,- նշեց Սուրեն Բեկիրսկին` հավելելով, որ թեթև արդյունաբերության ոլորտը չի օգտվում հարկային որևէ արտոնությունից, մինչդեռ արտոնությունը ոլորտի համար լուրջ խթան կհանդիսանար:
Անդրադառնալով Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության անդամակցությանը, միության համանախագահն ասաց, որ այնպես չէ, թե ԵՏՄ-ն բացեց դռները, որոնք երբևէ հայ արտադրողների առջև փակ չեն եղել:
«Ռուսը երբեք չի ասել մի բեր ապրանքդ, ոչ մի խնդիր չի եղել: Եղավ այն ինչ պետք է լիներ, ես ո՛չ դեմ եմ, ո՛չ կողմ, չի փոխվել ոչ մի բան, այսինքն՝ ո՛չ դրական է, ո՛չ բացասական»,- ընդգծեց նա:
Սուրեն Բեկիրսկին թեթև արդյունաբերության ոլորտի փրկությունը համարում է արտահանումը, քանի որ միայն ներքին շուկայով հնարավոր չէ ոլորտը զարգացնել, հատկապես հիմա, երբ անդամակցում ենք ԵՏՄ-ին, որը նոր հնարավորություններ է ստեղծել: «Մի բան է 1,5 միլիոնանոց շուկայի հետ գործ ունենալ, այլ բան 140 միլիոնանոցի: Թեթև արդյունաբերության յուրահատկությունն այն է, որ այն փոքր շահութաբերություն ունի, եթե բրենդային վարկանիշ չի կարողացել ստեղծել: Մեր արտադրանքն ունի մեծ հումքային արժեքի մասնաբաժին ու փոքր շահութաբերություն, թեթև արդյունաբերության արտադրանքն ամբողջ աշխարհում մինիմալ մարժայի վրա է աշխատում»,- ասաց Ս.Բեկիրսկին:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ Հովսեփ Պողոսյանն էլ նկատեց, որ մեկ տարի առաջ ՀՀ կառավարության և միության միջև կնքվել է հուշագիր, որով Կառավարությունը պարտավորվել է ծրագիր իրականացնել՝ աջակցելու Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը: Սակայն ամեն ինչ մնացել է թղթի վրա: 2014 թվականը գնաց միայն խոսակցությունների վրա: Գործը խոսակցություններից այն կողմ չի անցնում»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքերով` այսօր ավելի քիչ ոգևորված են ու քիչ հույսերով են նայում ապագային, քանի որ բախվելով բյուրոկրատական քաշքշուկին` չգիտեն ինչ անել:
Նա նույնպես նշեց, որ պետությունը պետք է ինչ-որ ժամանակով հարկային որոշակի արտոնություններ տա, որպեսզի արդյունաբերողները ոտքի կանգնեն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան