Իրանի և Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի դեմ պայքարելու նպատակով Պենտագոնը 9.6 միլիարդ դոլար գումար է նախատեսել
«Իրանի և Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի դեմ պայքարելու նպատակով Պենտագոնը 9.6 միլիարդ դոլար գումար է նախատեսել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, հղում անելով ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը 2016թ. բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունից պահանջել է Իրանի և Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի դեմ պայքարելու նպատակով 9.6 միլիարդ դոլար գումար հատկացնել:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամլո խոսնակ Ջեն Պսակին, անդրադառնալով նախօրեին Իրանի կողմից տիեզերք արձակված «Ֆաջր» տիեզերանավին, հայտարարել է, թե Իրանի հրթիռային համակարգերը սպառնում են տարածաշրջին: Պսակին պնդել է, որ իրանական հրթիռներն ատոմային մարտագլխիկներով զինելու կարողության հարցը մինչ այդ ընդգրկված է եղել բանակցությունների օրակարգում և այն կրկին քննարկման առարկա պետք է դառնա:
Ի պատասխան Պսակիի՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Իրանի հրթիռային համակարգերի հարցը ոչ մի դեպքում չի կարող բանակցությունների առարկա հանդիսանալ: