400 տարի ընդմիջումից հետո հայ եկեղեցին վերականգնում է սրբադասման կարգը
Մոտ չորս հարյուր տարվա ընդմիջումից հետո Հայ Առաքելական եկեղեցին վերականգնում է սրբադասման կարգը: Այս տարվա ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի և նահատակների սրբադասման արարողությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նրա ներկայացմամբ, սրբադասման համար չորս պայման գոյություն ունի՝ նահատակությունը հավատքի ու հայրենիքի համար, սրբակենցաղ կյանքը, հրաշքների առկայությունը կենդանության օրոք կամ մահվան ժամանակ, հավատքի քարոզչությունն ու տարածումը: Այս չորս պայմանից որևէ մեկի առկայություն պարագայում է լինում սրբադասումը:
«Չորս պայմանների շրջագծի ներքո վերականգնվեց սրբադասման կարգը ու սրանց առկայության պայմաններում է, որ հնարավոր եղավ քննել Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Այս դեպքում գիտակցված նահատակություն էր»,- ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Եպիսկոպոսի խոսքով, 8-9 տարի քննարկումից հետո առաջարկվեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգը: Խոսքը հավաքական սրբադասման մասին է:
Նա նշեց, որ եկեղեցին ոչ թե սրբացնում է, այլ սրբադասում է. «Սրբացնողը ժողովուրդն է իր մտքով, վկայություններով, եկեղեցին միայն ճանաչում է»:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը տեղեկացրեց, որ մշակվել է հատուկ ծիսական արարողակարգ՝ վկայաբանության ընթերցում, որը հատուկ գրված է այս առիթով, նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհումը, հնչելու է նոր գրված շարական:
Սրբադասման արարողակարգը սկսվելու է ժամը 16:30-ին կամ 17:00-ին: Այն ավարտվելու է ժամը 19:15-ին՝ խորհրդանշելով 1915 թվականը: Սրբադասման հռչակումը տեղի ունենալուց հետո Մայր Աթոռում և ամբողջ աշխարհի բոլոր հայկական և, հավանաբար, նաև ոչ հայկական եկեղեցիներում 100 անգամ հնչելու են զանգերը, որին հաջորդելու է լռության րոպեն: Լռության րոպեից հետո կլինի Տերունական աղոքի և «Սուրբ-սուրբ»-ի հատվածների երգեցողությունը:
Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ հրավերներ են ուղարկել տարբեր եկեղեցիների, Հռոմի պապին:
«Հռոմի պապից վերջնական պատասխան դեռ չունենք: Մերժում էլ չկա, ավելի հակվածություն կա ընդունելու, քան չընդունելու»,- ասաց Տեր Բագրատը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները