Բորուջերդի. Եթե միջուկային հարցում համաձայնություն չկայանա, ապա Իրանը կշարունակի արագ տեմպերով ուրան հարստացնել
«Եթե միջուկային հարցում համաձայնություն չկայանա, ապա Իրանը կշարունակի արագ տեմպերով ուրան հարստացնել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Իրանցի խորհրդարանականը լիբանանյան «Ալ Ջոմհուրիե» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Մեջլիսը ներկայում մի օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի՝ եթե միջուկային խնդրի շուրջ համաձայնություն ձեռք չբերվի, ապա կառավարությունը պարտավոր կլինի արագ տեմպերով կշարունակել ուրանի հարստացման գործընթացը»:
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահը նշել է. «Մենք ամերիկացիներից ոչ մի ոլորտում օգնություն չենք ստացել, ուստի, եթե համաձայնություն էլ ձեռք չբերվի, ապա ամենամեծ վնասը նրանք կկրեն»:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախօրեին Քենիա կատարած այցի ընթացքում տեղի իրանցի գործարարների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել էր. «Ցավոք ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում կան ուժեր, որոնք դեմ են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների լիակատար վերացմանը և այդ հանգամանքը նրանք ծառայեցնում են իրենց շահերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում