17-ամյա Միքայելի «Կոտրված մանկություն»-ը մրցանակի է արժանացել
Միքայել Հարությունյանը դեռ 12 տարեկանում ստեղծել է Հայոց ցեղասպանության թեմայով իր առաջին կտավը: 2014 թվականին նա երկրորդ կտավն է ստեղծում՝ նույն թեմայով, իսկ այսօր արդեն երրորդ նկարի էսքիզների վրա է աշխատում:
«Այս թեման ինձ միշտ հուզել է: Հայերն այն եզակի ազգերից են, ովքեր ամենաճիշտն են հասկանում հրեաների ցավը: Այդ ցավը զգալով ու հասկանալով՝ ես ստեղծեցի «Կոտրված մանկություն» կտավը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Հարությունյանը:
Հենց այս կտավը նա ներկայացրել է Հոլոքոստի հիշատակին նվիրված իններորդ միջազգային մրցույթում ու արժանացել առաջին մրցանակի: Այն անցկացվել է հունվարի 23-26-ը Մոսկվայում, խորագիրն էր «Հոլոքոստ. հիշողություն և նախազգուշացում»: Մրցույթին մասնակցել է մոտ 1200 ներկայացուցիչ տարբեր երկրներից:
Հայաստանն առաջին անգամ է մասնակցել մրցույթին:
«Շատ ուրախացա, որ մեր երկիրն առաջին անգամ ներկայացնելով այդ մրցույթում, կարողացա հաղթել: Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված: Բոլորը շատ լավ էին վերաբերվում Հայաստանին ու հայերին»,- պատնում է 17-ամյա Միքայելը:
Աշխատանքը ցուցադրվելու է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի գրասենյակում:
«Կոտրված մանկություն» կտավը Միքայելը ստեղծել է ավել վաղ, քան տեղեկացել է այդ մրցույթի մասին: Այժմ նկարը գտնվում է Հայաստանում հրեական համայնքի մոտ:
Միքայելը սկսել է նկարել 10-11 տարեկանից: Նա ինքնուս է, 1,5-2 տարի պարապել է նկարիչ Էդուարդ Սասունի (Ավագյան) մոտ, լսել և ընդունել է տարբեր նկարիչներ խորհուրդները: Դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է ընդունվել Գեղարվեստի ակադեմիա: