Քրեական գործի հարուցումը կապ ունի՞ Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ. հարց ֆինանսների փոխնախարարին
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ձերբակալության պատճառների մանրամասներին չի տիրապետում:
Հիշեցնենք, որ ըստ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության` ձերբակալված Հակոբ Հակոբյանը, ըստ Քրեական օրենսգրքի, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ, որի արդյունքում անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց:
«Բոլոր այն դեպքերում, երբ հարկային պարտավորությունների չափը գերազանցում է Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանաչափը, որի համար արդեն նախատեսվում է քրեական պատասխանատվություն, ֆինանսների նախարարությունը քննչական վարչությունում գործը քննում է»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆինանսների նախարարության տվյալ մարմինը քրեական գործ է հարուցում չարամտորեն հարկային պարտավորություններից խուսափողների հանդեպ:
Նա լրագրողներին ասաց, որ կարող են խնդրել այդ վիճակագրությունը, իրենց գործընկերները այդ տվյալները կտրամադրեն:
«Բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկերից չարամտորեն խուսափելու փաստ, հարուցվում է քրեական գործ»,- ասաց Վ.Միրումյան:
Հարցին, թե կոնկրետ որ ժամանակահատվածում է Հ. Հակոբյանը խուսափել հարկերը վճարելուց, փոխնախարարը պատասխանեց, որ գործի մանրամասներին ծանոթ չէ:
Մեկ այլ հարցին, թե հնարավո՞ր է, որ քրեական գործի հարուցումը կապ ունի Հակոբյանի նկարահանած ֆիլմի հետ և այդ գումարները հենց հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում են գոյացել, Միրումյանն ասաց․ «Կարողաները շատ են, բայց Ֆինանսների նախարարությունը կարող է նյութեր ուղարկել համապատասխան մարմիններին բացառապես հարկերից չարամտորեն խուսափելու համար»:
Լրագրողի դիտարկմանը, թե փոխնախարարը չի կարծո՞ւմ, որ Հ.Հակոբյանի ձերբակալությունը կարող է հարված հասցնել հայ կինեմատոգրաֆիային, Միրումյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն հարկերից, կպատժվեն:
«Ցանկացած նման դեպք առաջին հերթին հարված է Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Նախորդող հրապարակում`
Ֆինանսների նախարարությունը՝ նախկին պատգամավոր Հ. Հակոբյանի ձերբակալության մասին
Հակոբ Հակոբյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները