Օբամայի բյուջեի նախագծում առաջարկվում է Հայաստանին հատկացնել 18.3 մլն դոլար. անկախությունից հետո ամենափոքր օգնությունը
Բարաք Օբամայի վարչակազմի կողմից հրապարակած բյուջեի նախագծում առաջարկվում է կրճատել ԱՄՆ-ի տնտեսական օգնությունը Հայաստանին և Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ պահպանելով երկու երկրներին տրամադրվող ռազմական օգնության հավասարակշռությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Նախագծում առաջարկվում է 2016թ-ին ֆիսկալ տարում Հայաստանին հատկացնել 18.36 մլն դոլար և այն կոնգրեսի կողմից հաստատվելու դեպքում կլինի Հայաստանի անկախությունից հետո երկրին երբևէ հատկացված ամենափոքր օգնությունը: Հայաստանին տրամադրվելիք օգնության չափի վերաբերյալ Սպիտակ տան առաջարկը 2 մլն դոլարով պակաս է 2014թ-ի տնտեսական օգնությունից: Կոնգրեսի հայ աջակցության խումբը նամակում առաջարկել էր տրամադրել 40 մլն դոլար:
Օբամայի վարչակազմի առաջակը չի ներառում Լեռնային Ղարաբաղին հատկացվող որևէ օգնություն, չնայած նախոևրդ տարիներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը տարեկան 2 մլն դոլար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ է արել Կոնգրեսին օտարերկրյա օգնության օրինագիծը քննարկելու ժամանակ մեծացնել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը և հանել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը:
Ըստ բյուջեի օրինագծի առաջարկվում է Ադրբեջանին հատկացնել՝ 7.9 մլն դոլար, իսկ Վրաստանին 50.5 մլն դոլար տնտեսական օգնություն, միջազգային ռազմական կրթության և զորավարժությունների մասնակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին հավասարապես հատկացնել 600 000 դոլար, իսկ օտարերկրյա ռազմական ֆինանսների համար երկու երկրներին կրկին հավասարապես հատկացնել 1.7 մլն դոլար: