Թուրքիայում հայ լինելու դժվարությունները` ըստ թուրք լրագրողի
Թուրքիաբնակ լրագրող Սայաթ Թեքիրն անդրադարձել է Թուրքիայում հայ լինելու դժվարություններին: Ermenihaber.am-ը գրում է, որ Թեքիրը թուրքական «gazeteoniki.com» կայքում հեղինակած իր հոդվածում Թուրքիայում ապրող հայի համար ամենամեծ դժվարություններից մեկը համարում է հայկական անուններ օգտագործելու հանդեպ վախը, քանի որ թուրքերի համար անսովոր հնչողությամբ հայկական անունը շրջապատում մշտապես զարմանքի, իսկ ավելի հաճախ` թշնամանքի պատճառ է դառնում:
Լավագույն դեպքում հայերը կարող են իրենց երեխաներին երկու անուն տալ. մեկը հայկական, որը պիտի օգտագործվի բացառապես ընտանեկան նեղ շրջանակներում, մյուսը` թուրքական, որով պիտի ներկայանան հանրությանը:
Հաջորդ դժվարությունը, ըստ թուրք լրագրողի, Թուրքիայում ապրող հայերի համար որևէ նոր միջավայրում «ես հայ եմ» արտահայտությունն է: Դա ևս կարող է թշնամանք կամ բռնություն առաջացնել:
Թեքիրը նկատել է տալիս նաև այն, որ հայերի համար Թուրքիայում ապրելը խիստ դժվար է 100 տարի առաջ կատարվածի մասին լռելու, սեփական ազգի հանդեպ թշնամանք քարոզող դասագրքերով կրթվելու, հայ լինելու պատճառով իր հասցեին հնչող հայհոյանքներին ժպիտով պատասխանելու պարտադրվածությունը:
«Թուրքիայում հայ լինել, նշանակում է` ապրել Բեյօղլուի Էրգենեքոն պողոտայի Թյուրքբեյ փողոցում և Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի անունը կրող դպրոցում մասնակցել ընտրությունների»:
«Թուրքիայում հայ լինել, նշանակում է`տեսնել, որ սրբավայրերդ հարձակման են ենթարկվում կամ գերեզմանատներդ անարգվում են և դա դադարեցնելու համար որևէ պաշտոնյա չկարողանալ գտնել, իսկ գտնելու դեպքում, որևէ արդյունքի չհասնել», -գրում է Սայաթ Թեքիրը:
Նա նաև նշում է, որ երբ Թուրքիայում ապրող հայերի հետ ինչ-որ մի դժբախտություն է պատահում, դա մամուլում արձագանք գրեթե չի գտնում: Ու նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության տարելիցին զորամասում թուրք «զինակից ընկերոջ» կողմից սպանվում է հայ զինվորը, հանցագործը ազատ է արձակվում, քանի որ նա բա չեք ասի «դիտավորյալ» չի սպանել:
Վերջում թուրք լրագրողն ընդգծում է, որ այս ամենը միայն հայերին չի վերաբերում, նման ցուցակը կարելի է կազմել նաև հրեաների, քրդերի, լազերի, ալևիների, նույնիսկ պարզապես կանանց համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան