«Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը՝ Վենետիկում
Վենետիկում հունվարի 30-ին կայացել է կայացավ Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ելույթ է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա իր խոսքում մեծապես կարևորել է գրքի հրատարակումը՝ այն համարելով լուրջ ներդրում իտալահայ համայնքի կյանքը ներկայացնող փաստագրական գրականության մեջ: Դեսպան Ղազարյանը նկատել է, որ պրոֆեսոր Հակոբ Մանուկյանի «Հայերի ներկայությունը Իտալիայում 1915-2000թթ.» գիրքը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին և մանրամասն պատկերում է Իտալիայում ապաստան գտած, Ցեղասպանությունը վերապրածների կյանքը:
Դեսպանն անդրադարձել է իտալահայ համայնքի 20 դար ունեցող պատմությանը՝ այն դիտարկելով որպես կարևորագույն ներուժ Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Դեսպանը խոսել է նաև 20-րդ դարում Իտալիայի Հանրապետության զարգացման գործում իտալահայ հասարակական գործիչների ավանդի մասին:
Ելույթներ են ունեցել Վենետիկի քաղաքապետարանի մշակութային վարչության տնօրեն Ռոբերտո Էլլերոն, թղթակից Էդուարդո Պիտալիսը և գրքի հեղինակ Հակոբ Մանուկյանը:
Իտալիայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ կայացած շնորհանդեսը, որին ներկա են եղել Վենետիկի քաղաքապետարանի, հասարակական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ ու լրագրողներ, կազմակերպվել էր Հայկական մշակույթի ուսումնասիրության և վավերագրման Վենետիկի կենտրոնի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան