2014թ. Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին առևտրի ամփոփ ցուցանիշները: Համաձայն այդ հրապարակման՝ 2014թ. Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 293 միլիոն 620 հազար ԱՄՆ դոլար, որից 84 միլիոն 630 հազարը բաժին է ընկել Հայաստանից Իրան արտահանմանը, իսկ 208 միլիոն 990 հազարը՝ ներմուծմանը: Նշենք, որ 2013թ. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 289 միլիոն 23 հազար ԱՄՆ դոլար, որից 94 միլիոն 955 հազարը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 194 միլիոն 68 հազարը՝ ներմուծմանը:
Հայաստանը հիմնականում Իրան արտահանում է հետևյալ ապրանքատեսակաները՝ էլեկտրաէներգիա, մանր եղջերավոր կենդանիներ, թուղթ, մետաղի ջարդոն, մեխանիկական սարքավորումներ, բժշկության մեջ կիրառվող սարքավորումներ, սուրճ, հանքային ջուր և այլն:
Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն:
2014 թվականը երկու երկրների համար էլ տնտեսական առումով անկայուն տարի էր: Հայաստանում նոր կառավարություն ձևավորվեց, իսկ Իրանը պատժամիջոցների մի մասի՝ չեղյալ հայտարարվելուց հետո կարողացավ փոքր-ինչ կայունացնել տնտեսությունը, վերակենդանացավ բանկային համակարգը, որոշակի կայունություն նկատվեց փոխարժեքի շուկայում:
2014թ. դեկտեմբերի 15-16-ը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Թեհրան էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարաների նախարար Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման, Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության մասին պայմանագրի թարմացման, Հայաստանի հանքավայրերում համատեղ հետազոտություններ իրականացնելու և շահագործելու վերաբերյալ հարցեր: Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 13-րդ նիստը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերին՝ Երևանում:
Հունվարի 2-ից Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը: Օրերս Երևան կատարած այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պաշտոնապես հայտարարեց, որ Իրանը պատրաստ է Հայաստանի հետ խորացնել իր առևտրատնտեսական հարաբերությունները ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵՏՄ-ի ձևաչափով: Բացի այդ՝ Իրան-ԵՏՄ սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամության մասին հայտարարեցին ՌԴ-ում և Ադրբեջանում Իրանի դեսպանները:
Իրանն ու Հայաստանը մեծ ներուժ ունեն առավել զարգացնելու տնտեսական հարաբերությունները, սակայն դա լիարժեքորեն չի օգտագործվում՝ կապված երկրներից որևէ մեկում ծագած այս կամ այն ֆինանսական խնդրի հետ: Երկու երկրների ղեկավարներն էլ բազմիցս հայտարարել են, որ առևտրաշրջանառության ցուցանիշները գոհացուցիչ չեն:
Տնտեսական կապերն ընդլայնելու համար անհրաժեշտ քիչ թե շատ բարենպաստ միջավայրը կարծես թե ձևավորվել է, հետևաբար 2014թ. տեղի ունեցած դրական տեղաշարժերը և փոխադարձ այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ 2015թ. երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կապահովեն գոհացուցիչ արդյունքներ:
Ա. Իսրայելյան, իրանագետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան