ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական կեղծ տեսագրությունը, որում իբր «հայ դիվերսանտներ» են
Ադրբեջանական ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից սկսել են տարածել 42 րոպե տևողությամբ խիստ կասկածելի մի տեսագրություն, որտեղ, ըստ իրենց, իբր թե ներկայացված է «ադրբեջանական զորքերի կողմից 6 հոգուց բաղկացած հայկական դիվերսիոն խմբի ոչնչացումն առաջնագծին հարող ականապատ հատվածն անցնելիս»: Ընդ որում, ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ սույն կադրերը տեսագրվել են 2015 թվականի հունվարի 31-ին: Իսկ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին հասցրել է հաստատել տեսագրության իսկությունը` ևս պնդելով, թե դրանում կարելի է տեսնել «հայ դիվերսանտների»:
Մասնավորապես, ադրբեջանական «Հաաքին.ազ» տեղեկատվական պորտալը հայտնում է, թե իբր տեսագրությունը տարածել են հայկական ԶԼՄ-ները, մինչդեռ նշված տեսագրությունը կամ անգամ դրանից քաղված առանձին կադրեր հայկական մեդիա ռեսուրսներում այս պահի դրությամբ բացակայում են: Ավելին, հասարակ տեսախցիկով տեսագրված ցածրորակ վիդեոն առաջինը հրապարակվել է խիստ կասկածելի յություբյան ալիքներից մեկում, որտեղ միևնույն ժամանակ կարելի է տեսնել ադրբեջաներենով այլ տեսագրություններ, այդ թվում Anti Armenia անունը կրող ադրբեջանցի հաքերային խմբի գործունեության վերաբերյալ տեսնայութեր:
Տվյալ տեսագրության որակից անհնարին է լիարժեքորեն համոզված լինել, որ նրանում ոչ միայն «հայ դիվերսանտներ», այլ առհասարակ զինծառայողներ են ներկայացված: Բացի այդ, բավականին բարդ է ասել, ելնելով լանդշաֆտից ու միջավայրից, որտեղ ու երբ է այն տեսագրվել: Միայն կարելի է նկատել, որ կադրերն արված են ցերեկային ժամերին, իսկ այդ ժամանակ, ինչպես հայտնի է, դիվերսիոն գործողություններ սովորաբար չեն իրականացնում:
Կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ ողջ տեսագրության ընթացքում մենք այդպես էլ ականատես չենք լինում խմբի ոչնչացմանը:
Ներկայացված է 3 անձ, այլ ոչ թե «6 հայ դիվերսանտ», ինչպես պնդում է ադրբեջանական կողմը: Իսկ 2:51 րոպեից պայթյուն է ներկայացված, որը, ի դեպ, ականի պայթյուն չի հիշեցնում:
Panorama.am-ի այն հարցին` արդյոք սույն տեսագրությունը որևէ կերպ առնչվում է հայկական զինուժի հետ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հակիրճ պատասխանեց. «Անգամ հարկ չեմ համարում մեկնաբանել ադրբեջանական կողմի այդ անհեթեթ ու ծիծաղելի հնարքները»:
Սա ադրբեջանական ԶԼՄ-ների առաջին սադրանքը չէ: Օրերս մի շարք առաջատար ադրբեջանական լրատվամիջոցներ տարածում էին Ուկրաինայի պատերազմից մի քանի կադրեր` որպես «հայկական ՌՕՈւ անօդաչու թռչող սարքի ոչնչացում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից», մինչդեռ տեսագրության մեջ հստակ երևացող կանաչ դաշտերն ու անտառները բացարձակապես նման չեն Աղդամի հատվածի լանդշաֆտին, իսկ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե իբր հայկական ԱԹՍ-ն հենց այդ հատվածում էր «ոչնչացվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին