Պնախարարի խորհրդական. Հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են
«Շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աննախադեպ էին, լարվածությունը մեծացել էր: Ադրբեջանական ուժային շանտաժի քաղաքականությունը շարունակվեց նաև այս տարվա հունվարին»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
«Նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը չհասավ իր նպատակին, ռազմաքաղաքական առումով անմխիթար վիճակում էր: Վիճակն ուղղելու համար նա նաև իր քաղաքականությունը շարունակեց այս տարվա հունվարին: Ադրբեջանը որդեգրել է շանտաժի քաղաքականություն, ռևանշիստական ձգտումներ ունի, չի ուզում ոչ մի բան զիջել, փոխհամաձայնության գնալ, բայց ցանկանում է ստանալ առավելագույնը»,- ասաց նա:
Գ. Հարությունյանը նշեց, որ հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են, հակառակորդն ավելի շատ կորուստներ է ունենում, սակայն դա չի փոխում Ադրբեջանի քաղաքական ուղեգիծը:
Նրա խոսքով, որոշակի փոփոխություն է արձանագրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունից հետո: Հունվարի ընթացքում, պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը հակառակորդին դիմագրավելու ընթացքում յոթ զոհ է ունեցել, իսկ ադրբեջանականը, ըստ Գ. Հարությունյանի, ամենահամեստ հաշվարկներով՝ ավելի քան 30 զոհ:
Նա նշեց, որ սահմանին լարվածությունը պահպանվում է, թեև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են: Հրադադարի ռեժիմի խախտումների դեպքում, ըստ պաշտպանության նախարարի խորհրդականի, հայկական կողմը կշարունակի կանխարգելիչ, պատժիչ գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում