Ըստ տնտեսագետի, դրամն արժևորելու համար բանկերը պետք է վարկեր տրամադրեն բացառապես դրամով. «Ժամանակ»
2015 թ. ծանր տնտեսական տարի է լինելու։ Դեռ տարեվերջից առևտրային շուկան, պայմանավորված դրամի արժեզրկմամբ և գնաճով, պասիվացավ, բանկերը դադարեցրին գործարքների մեծ մասը՝ սպառողական վարկեր, հիպոթեքներ, ավանդների խզման պայմանագրեր: Ստեղծվեց մի իրավիճակ, որտեղ շարքային քաղաքացուց մինչև երկրի ֆինանսական կառույցներ սպասողական մարտավարություն որդեգրեցին:
ԵՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ դրամն արժևորելու և վարկային պորտֆելն իր ամբողջ ներուժով գործի դնելու համար պետք է պետական քաղաքականություն:
«Տարիներ առաջ որոշում եղավ, որ բոլոր վարկերը պետք է տրամադրվեն դրամով, այս որոշմանը հետևեց տնտեսության աշխուժացումը: Այս նոր իրավիճակում եթե վարկերը տրամադրվեն դոլարով, տնտեսության զարգացման համար թույլ խթան կունենանք, դոլարիզացիայի ֆոնին դրամի արժեզրկումը կշարունակվի»,- ասել է տնտեսագետը:
Նրա խոսքով, բանկերը շահույթ հետապնդող կազմակերպություններ են, չնայած դրամով վարկերը կնվազեցնեն նրանց եկամտաբերությունն ու ռիսկերը կմեծացնեն, այնուամենայնիվ, դրամի արժևորման տեսանկյունից վարկերը պետք է տրամադրվեն դրամով: Այսկերպ տնտեսությունը կկայունանա, դրամը նորից կարժևորվի, շինարարության ոլորտը դուրս կգա ճգնաժամից, ու զբաղվածության մակարդակը կբարձրանա: