ԱԺ-ն ընդունեց շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի հետաձգման որոշումը
ՀՀ ԱԺ-ն այսօր 75 կողմ, 1 դեմ, 40 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հետաձգելու որոշումը:
Այս հարցով հարակից զեկուցող Հանրապետական պատգամավոր, Տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը քվեարկությունից առաջ հայտարարեց. «Դե ֆակտո մենք այսօր հնարավորություն ունենք մինչև հուլիսի մեկը տվյալ օրենսդրական նախաձեռնությունը բերել անհրաժեշտ տեսքին: Տնտեսական հարցերով հանձնաժողովը կոչ է անում բոլորիդ ցանկացած ձևաչափով քննարկումներ անել: Բոլորի ելույթները լսել եմ և ողջունում եմ: Խնդրում եմ՝ ձեր առաջարկները գրավոր ներկայացնել հանձնաժողովին»:
Այս հարցով հիմնական զեկուցող, ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ քննարկումների ժամանակ հնչած առաջարկները բովանդակային առումով տարբերվում էին, հետևաբար, հարցին արդյունավետ լուծում գտնելու համար ժամանակ է անհրաժեշտ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Բարգավաճ Հայաստան խմբակցությունը քանիցս ասել է, որ ժամանակ ձգելը լուծում չէ: Մենք կողմ չենք քվեարկելու, բայց դեմ էլ չենք քվեարկի, հաշվի առնելով ՓՄՁ-ների շահերը: Մենք ձեռնպահ կքվեարկենք»:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն ասաց, որ իրենց խմբակցությունը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախագծով հանդես կգա:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե իրենք կողմ են քվեարկում, քանի որ եթե այս որոշումը չանցնի, ավելի վատ պայմաններ կլինեն ՓՄՁ-ների համար:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը ևս կարծիք հայտնեց, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է լուծում գտնել այս հարցին:
«Մենք ձեռնպահ կմնանք, որպեսզի ՓՄՁ-ները կարողանան շարունակել աշխատել: Եթե առաջիկա երկու շաբաթներին այս հարցին լուծում չլինի, արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն»,- հայտարարեց Բիշարյանը:
Ի պատասխան Բիշարյանի՝ Վարդան Այվազյանը նկատեց, որ օրենքի նախագիծը մինչև հուլիսի մեկ է գրված, և եթե այն ընդունվի, ապա կընդունվի այդ ժամկետով:
«Ձեռնպահ լինելը մեր դեմ է, իմ կարծիքով»,- ասաց Այվազյանը:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագծի հետաձգումը նպատակ ունի հնարավորություն տալ շարունակելու քննարկումները, որպեսզի արդյունավետ լուծումներ տրվեն. «Հանրապետականը կողմ է քվեարկելու այս նախագծին»:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ դիրքորոշումը. «Ստեղծված իրավիճակում ամենալավ լուծումն է, եթե այս որոշումն անցնի»:
Նախորդիվ՝
Քաղաքական կամքի բացակայությունը փոխհատուցում եք ՓՄՁ-ների վրա. Զուրաբյան