Ժան-Ֆրանսուա Շարպանտիե. Մայիսին ՀՀ-ում անցկացվելու է երկու շեշտադրությամբ Ֆրանսիական գործարարության շաբաթ
Փարիզում տեղի ունեցած այդ ողբերգական իրադարձությունները «Շառլի էբդո» երգիծական հանդեսի շուրջ, ուղղված էր ոչ միայն Ֆրանսիային, այլև թիրախում էր կարծիք հայտնելու, ազատ արտահայտվելու իրավունքը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանը նշեց, որ շատ կարևոր էր, այդ ողբերգական միջադեպից հետո «Շառլի Էդբո»-ն մոռացության չմատնվեց, չլքվեց. «Մենք, բնականաբար, մեր գոհունակությունը հայտնեցինք սրա ուղղությամբ, որով էլ ապացուցվեց մամուլի ազատությունը: Շարունակելով իր գործը, խմբագրությունն ապացուցեց, որ լրագրողների մեծ բանակ միանգամայն վճռականորեն կատարում են իրենց գործը, համատարիմ մնում խոսքի ազատության գաղափարին»:
Նրա խոսքերով, այս ամենին սատարեց նաև հասարակական կարծիքը և այս ամենի մեջ դրված ուղերձն այն էր, որ լրագրողները չեն վախենալու, չեն թողնելու, որ իրենց ծնկի բերեն ահաբեկիչները:
«Այժմ էլ իրավապահ ուժային կառույցների կողմից շարունակվում են խորը հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ պարզելու չարագործության պարագլուխներին»,-տեղեկացրեց դեսպանը:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ մայիսին Հայաստանում անցկացվելու է Ֆրանսիական գործարարության շաբաթ` երկու շեշտադրությամբ. առաջինը նորաձևություն և դիզայն, երկրորդը՝ խաղողագործության, գինեգործության համար նախատեսված սարքավորումներ:
Պատասխանելով հարցին, թե ինչպես կանդրադառնա ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը Ֆրանսիայի և ԵՄ հետ հարաբերությունների վրա, նա պատասխանեց. «Այսօրվա դրությամբ դեռ չեմ տեսել նման հաշվարկներ, որոնք պետք է ազդեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա»:
Անդրադառնալով Հայաստանում «Կարֆուր» սուպերմարկետների բացմանը՝ դեսպանը նշեց, որ այս պահին կատարվում են նախապատրաստական վերջնամշակման աշխատանքները. «Ամենայն հավանականությամբ, մարտի սկզբին առաջին սուպերմարկետը չի հապաղելու բացվել: Իսկ ինչ վերաբերում է ապրանքատեսականուն, ապա «Կարֆուրի» մոտեցումը հետևյալն է, հաստատվելով տվյալ երկրում աշխատել տեղացի արտադրողների հետ»: