Տոմսկի համալսարանականները Երևանում կծանոթանան հայկական դիրքորոշումներին
Մոսկովյան «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հրավերով Երևանում են գտնվում Տոմսկի պետհամալսարանի երիտասարդ միջազգայնագետ-հետազոտողները: Նրանք մասնակցում են ԵՊՀ հետ համատեղ փետրվարի 1-8–ը կազմակերպված ձմեռային դպրոցին: Այս մասին հայտնում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Այն նպատակ ունի երիտասարդ գիտնականներին անմիջականորեն ծանոթացնել Հայաստանի և Արցախի հանրապետություններին, տարածաշրջանային և միջազգային հարցերի նկատմամբ հայկական դիրքորոշումներին: Ձմեռային դպրոցի ծրագիրը իրականացվում է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի տեղեկատվական հավանավորությամբ:
Տոմսկի համալսարանականները հանդիպում-քննարկումներ են ունեցել ԵՊՀ Հայագիտության ինստիտուտում, միջազգային կապերի բաժնում, եվրոպական և ռուսական կենտրոններում, ՀԱՊԿ երևանյան ինստիտուտում: Ծրագրի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ տարածաշրջանում Թուքիայի քաղաքականությունը և հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: Նախատեսվում են հանդիպումներ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Տոմսկի պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իսկ փետրվարի 6-7–ին ձմեռային դպրոցի ծրագիրը կշարունակվի Արցախի Հանրապետությունում:
2014 թ. դետկեմբերի 16–ին Տոմսկի պետական համալսարան է այցելել «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը: Նա «Հայաստանը և հայկական գործոնը միջազգային հարաբերություններում» թեմայով դասախոսություն է կարդացել համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ռեկտոր Էդուարդ Գալաժինսկու հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել ՏՊՀ և ԵՊՀ միջև համագործակցության պայմանագրի ստորագրման, այս տարվա մարտին ՏՊՀ-ում Հայոց ցեղասպանության թեմայով միջազգային գիտաժողովի անցկացման և ռուսաստանյան հայտնի այս ուսումնական հաստատությունում հայկական հետազոտական կենտրոնի ստեղծման վերաբերյալ: Ներկայիս մեկշաբաթյա ձմեռային դպրոցի կազմակերպումը այս պայմանավորվածությունների իրացման առաջին քայլն է հանդիսանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա