Էրդողանի հրավերը Դարդանելի միջոցառումներին ընդունել է արդեն 36 պետություն
Հայտնի է դարձել, որ 36 երկիր հաստատել է իր մասնակցությունը Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ճակատամարտի 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններին: Ընթացիկ տարվա ապրիլի 24-ին կազմակերպվելիք վերոնշյալ միջոցառումներին, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էրդողանի կողմից հրավերներ էին ուղարկվել 102 պետություն:
Ermenihaber.am-ը, վկայակոչելով թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Աքշամ» պարբերականին, հայտնում է, որ 36 երկրների նախագահներ կամ վարչապետներ արդեն դրական պատասխան են տվել հրավերին: Ակնկալվում է, որ առաջիկայում այդ թիվը կհատի 50-ի սահմանագիծը:
Իրենց մասնակցությունը հաստատած բարձրաստիճան անձանց թվում են մասնավորապես Անգլիայի արքայազն Չարլզը` իր որդու հետ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին, Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը:
Հատկապես վերջինին, ինչպես նշում է աղբյուրը, Էրդողանը մեծ կարևորություն է տալիս:
Միջոցառումներին կմասնակցեն նաև Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը և Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քեյնը: Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներն անցկացվելու են Ստամբուլում: Դրանց մեկնարկն ազդարարվելու է գումարվելիք «Խաղաղության գագաթնաժողով»-ի միջոցով: