Թուրքիայում ծրագրել են էկրանավորել հայկական «Ախթամար» լեգենդը
Թուրքական «Yıldızlar Grup» կինոստուդիան պատրաստվում է ֆիլմ նկարահանել՝ հիմնված Աղթամար կղզու հետ կապված լեգենդի վրա: «Հաբեր Վան» լրատվական կայքի հաղորդմամբ՝ ավանդապատման գլխավոր հերոսուհու՝ Թամարի կերպարը մարմնավորելու է թուրք հայտնի մոդել Թուղբա Օզայը:
«Yıldızlar Grup» կինոստուդիայի տնօրեն Ումութ Յըլդըզը հայտարարել է, որ նկարահանումները սկսելու են ապրիլ ամսին, իսկ ֆիլմը պատրաստ կլինի հոկտեմբերին, որն ըստ Յըլդըզի, հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման ամիս` նկատի ունենալով ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ամիսը: Ֆիլմի դերակատարուհին էլ նշել է, որ Թամարի կերպարի մարմնավորումը միշտ իր ամենացանկալի դերն է եղել:
Կայքն անդրադարձ է կատարել կղզու անվան հետ կապված լեգենդին՝ նշելով, որ այն մշակման է ենթարկվել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից: Սակայն ըստ թուրքական տեսակետի՝ լեգենդն այնքան էլ ամուր պատմական հիմքեր չունի:Այնուհետև ներկայացրել է փոքրիկ պատմական ակնարկ կապված կղզում հայկական Ռշտունի, Արծրունի իշխանական տոհմերի տիրապետության հետ: Տեղեկություններ են ներկայացված նաև Գագիկ 1-ին թագավորի հրամանով Մանուել ճարտարապետի կողմից կղզում կառուցված Սուրբ Խաչ եկեղեցու մասին: