Մարկարով. Թուրքիան հերթական անգամ փորձում է «հարմարեցնել» պատմությունը
Թուրքիան հերթական անգամ փորձում է «հարմարեցնել» պատմությունը: Անդրադառնալով պաշտոնական Անկարայի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումները ապրիլի 24-ին անցկացնելու որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Թուրքիան, բոլոր պատմական իրողություններից և իրադարձություններից դուրս, հերթական անգամ փորձում է հարմարեցնել պատմությունը և ծառայեցնել իր նպատակներին»,-ընդգծեց Մարկարովը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, բանախոսն առանձնացրեց փաստաթղթում զետեղված չորս հիմնական ուղղություններ:
«Մի կողմից` խոսքը գնում է զոհերի հիշատակի, իրադարձությունների շղթայի մասին: Երկրորդը դա երախտագիտությունն է: Կան մի քանի տասնյակ երկրներ, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Չպետք է մոռանալ նաև հասարակական կառույցներին, ինչպես նաև թուրքական հասարակության` Ցեղասպանության փաստը ընդունող առաջադեմ հատվածին: Երրորդ դրույթը դա Ցեղասպանության հետևանքների վերացումն ու կանխարգելման դեմ միջազգային պայքարն է: Չորրորդ դրույթը, անկասկած ազգի վերածնունդն է, որը ոչ միայն վերականգնել է իր անկախ պետականությունը այլ նաև ունի իր ներդրումը գլոբալ քաղաքակրթական գործընթացների մեջ»,- ասաց Ա. Մարկարովը: