The Hill. «Ադրբեջան. ուտոպիստական հռետորիկա, մռայլ իրականություն»
Ամերիկյան հեղինակավոր «The Hill» քաղաքական պորտալը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Twitter-յան իր միկրոբլոգում հորինված «ժողովրդավարական Ադրբեջան»-ի կերպարին ` այն հակադրելով իրական Ադրբեջանի հետ:
«Եթե ինչ-որ մեկը ապրի Ադրբեջանի նախագահի Twitter-յան պաշտոնական էջում նկարագրված իրականության մեջ, ապա այդ ինչ-որ մեկը հավանաբար կսկսի մտածել, որ Ադրբեջանը գտնվում է ուտոպիայի մեջ»,- գրում է պարբերականը:
Մեջբերելով Ալիևի կողմից արված մի քանի Tweet-ներ` պարբերականը դիտարկում է անում, որ նման ուռճացված չափազանցությունների գրեթե ամեն օր էլ կարելի է հանդիպել Ալիևի պաշտոնական էջում: Սակայն, ըստ պարբերականի, իրականությունը շատ ավելի մռայլ է, քան կարելի է պատկերացնել:
«Կա մի բան, որ մռայլ է դարձնում Ալևի Twitter-յան տիեզերական իրականությունը. ընտրակեղծիքների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ակտիվիստների իրավունքների ու ազատությունների ոտնահարման մասին միջազգային անկախ կառույցների կողմից հրապարակվող զեկույցները: Տասնամյակներ շարունակ մնալով անհայտ, այդ իրավախախտումները բոլորովին վերջերս հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում նաև շնորհիվ այն բանի, որ ի հաշիվ գազի և նավթի գումարների միջազգային թատերաբեմում հայտնվեց նաև Ադրբեջանը»,- նկատում է պարբերականը:
The Hill-ը հիշեցնում է, որ Ալիևը այնուամենայնիվ մոռացել է Twitter-իր էջում ներառել ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի առնչությամբ հայտնած մտահոգությունները: Այնուհետև պարբերականը թվարկում է լրագրողների, իրավապաշտպանների աղմկահարույց ձերբակալությունները` այդ թվում նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փակումը և գույքի բռնագրավումը:
Այս կապակցությամբ պարբերականը մտահոգություն է հայտնում, որ ադրբեջանական մռայլ իրականությունը հաճախ անտեսանելի է դառնում «Բաքվի զարգացող տպավորություն թողող կենտրոնի համապատկերում` համեմված ներդրողներ գրավելու պատրաստ և զարգացող հասարակության խոստումներով»:
Այնուհետև պարբերականը նկատում է, որ Ադրբեջանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվում ոչ միայն ազատությունների, այլ նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման պատճառով:
«2014 թվականին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի ուղղաթիռի խոցումը Ադրբեջանի զինուժի կողմից չարժանացավ ԵԱՀԿ-ի կամ աշխարհի խիստ քննադատությանը: Իրենց իսկ սեփական տարածքում ուսումնավարժանքներ իրականացնող ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներ սպանվեցին, բայց մինչ այժ որևէ էական արձանագանք չի եղել»,- գրում է պարբերականը:
Անդրադառնալով Ալիևի այն հրապարակումներին, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում, պարբերականը հարցադրում է անում, թե ինչպես կարող է 1994 թվականին Ադրբեջանի ագրեսիայից ազատագրված Լեռնային Ղարաբաղը խաղաղություն չցանկանալ, երբ այն այս 25 տարիների ընթացքում զբաղված է եղել հաջող պետականաշինությամբ, իսկ հարևան Ադրբեջանը մշտապես պատերազմ է հոխորտացել:
«Հետևաբար, ամեն անգամ Ալիևն ավելի ձանձրալի է դառնում, թերևս բացառությամբ այն tweet-ների, որոնք նկարագրում են իր իսկ կողմից հորինված ուտոպիա-պետությունը»,- գրում է պարբերականը:
Եզրափակելով` պարբերականը դիտարկում է անում, որ Ալիևի պնդումները այն մասին, թե Մինսկի խումբը չի կարող որևէ բանի հասնել իրականություն կդառնան, եթե Մինսկի խումբը շարունակի Ադրբեջանի բոլոր սադրանքներին` (սկսած ուղղաթիռի խոցումից, հայ քաղաքացիական բնակչությանը գնդակոծելուց մինչև անօրինական դիվերսիաներ) արձագանքել միայն «թույլ մտահոգություններ հայտնելով»: Հետևաբար, ըստ պարբերականի, ժամանակն է, որ Օբամայի վարչակազմը ստիպի Ադրբեջանին հաշվի նստել մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային համաձայնագրերի գոյության հետ:
Նկատենք, որ «The Hill» պարբերականը համարվում է Միացյալ Նահանգների առաջատար քաղաքական պարբերականներից մեկը: Պարբերականը լուսաբանում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից արծարծվող թեմաները և մեծ հեղինակություն է վայելում ԱՄՆ կոնգրեսականների քաղաքական վերնախավում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան