Ադրբեջանը մտադիր է բարձրացնել Վրաստան մատակարարվող գազի գինը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես դիմել է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին, խնդրելով չբարձրացնել բնական գազի սակագինը: Վարչապետ Ղարիբաշվիլին այս մասին հայտարարել է փետրվարի 5-ին կայացած կառավարության նիստի ընթացքում:
«Մենք արդեն իսկ կապ ենք հաստատել Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել բանակցել ու որոշակի համաձայնությունների գալ այս հարցում: Հանձնարարում եմ երկու փոխվարչապետերին` տնտեսական խորհրդի անդամների հետ միասին լուծել այս խնդիրը: Մենք, ըստ ամենայնի, կդիմենք ադրբեջանական կողմին` խնդրելով հետաձգել վերջնական որոշման կայացումը կամ գոնե դրա իրագործման ժամկետները», - «Ազատության» փոխանցմամբ` ասել է Ղարիբաշվիլին:
Նախատեսվում է, որ Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինը կբարձրանա մարտի 1-ից` առայժմ բացառապես իրավաբանական անձանց համար: Մասնավորապես` Թբիլիսում մեկ խորանարդ մետր գազի գինը մարտի 1-ից կաճի մոտ 30 %-ով ` հասնելով 45 սենթի: Մարզերում ևս գազի գինը կաճի, սակայն այն կշարունակի ավելի ցածր մակարդակի վրա մնալ, քան մայրաքաղաքում:
Ադրբեջանին դիմելու Վրաստանի կառավարության որոշումը պայմանավորված է նրանով, որ Վրաստանը բնական գազի 80 տոկոսը ստանում է հենց այդ երկրից: Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրացական ստորաբաժանումներից մեկը` SOCAR Georgia Gas-ը, վառելիքը վաճառում է մատակարար ընկերություններին, որոնք էլ, իրենց հերթին, զբաղվում են վառելիքի մանրածախ առևտրով:
Գազի սակագնի բարձրացումը Ադրբեջանական կողմը պայմանավորում է վրացական արժույթի` լարիի վերջին ամիսներին նկատվող արժեզրկմամբ:
«Մայրաքաղաքին գազ մատակարարող KazTransGas-ը, մատակարար մյուս ընկերությունները հայտարարում են, որ լուրջ կորուստներ են կրել լարիի արժեզրկման պատճառով, ուստի գազի սակագնի աճն անխուսափելի է», - կառավարության նիստի ընթացքում, անդրադառնալով գազի սակագնի թանկացմանը, ասել է Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն:
Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլիի խոսքով էլ՝ կառավարությունը կանի հնարավորը, որպեսզի գազի սակագնի աճը չվատթարացնի Վրաստանի ազգաբնակչության սոցիալական վիճակը:
«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լարիի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ավելացել է, և այժմ մեկ խորանարդ մետրի գինը կազմում է շուրջ 86 թեթրի: Դա էլ հենց ստիպեց ադրբեջանական ընկերությանը վերանայել սակագինը: Մենք, սակայն, կարողացանք համաձայնության գալ, ըստ որի՝ հացի գործարանների համար պահպանվելու է գազի արտոնյալ գինը», - հայտարարում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը: