Գագիկ Ծառուկյան. Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է
«Շնորհակալություն եմ հայտնում ոչ թե իմ հրավերն ընդունելու համար, այլ պետության, ժողովրդի առջև ծառացած խնդիրների հանդեպ անտարբեր չլինելու համար: Այսօր խնդիրներից թաքնվելը, դրանք չնկատելը դարձել են շատերի համար նախընտրելի գործելաոճ: Այս դահլիճում հավաքվածները վաղուց մերժել են չեզոք դիտորդի կեցվածքը»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ընթացող «Ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի» խորհրդաժողովում բացման խոսոքւմ ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա կոչ արեց չհիասթափվել, չհոգնել անտարբերության պատնեշները կոտրելու գործում. «Այսօր մեր ամենակարևոր խնդիրներից է հասարակության մեջ կոտրել սեփական երկրի հանդեպ տիրող անտարբերությունը»:
Գ. Ծառուկյանի գնահատմամբ, ճիշտ քայլ էր համազգային շտաբները բացելը, քանի որ այսօր հստակ տիրապետում են հասարակության մեջ տիրող տրամադրություններին, պահանջներին:
«Մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է, իրոք: Գյումրիում տեղի ունեցած դեպքը, սահմանային լարվածությունը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունությունը պետք է հուշեր իշխանություներին, որ հզոր պոռթկումների շեմին է կանգնած հասարակությունը: Մեկ անզգույշ քայլը, նույնիսկ բառը քաղաքացիներին կհանի փողոց»,- ասաց ԲՀԿ առաջնորդը՝ հավելելով, որ առաջիկայում հուժկու հանրահավաքներ են լինելու մարզերում, Երևանում:
«Օր-օրի թափ հավաքող շարժումը ամենօրյա աշխատանքի, լեփ-լեցուն փողոցների, հրապարակների միջոցով ստիպելու է գործող իշխանություններին զգալ սեփական պատասախանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից ու պլաններից: Այս մարտավարությունը կշարունակվի մինչև նոր ընտրությունների արդյունքում ձևավորվի ժողովրդի իրական մանդատով օժտված նոր իշխանություն»,- ասաց Գ. Ծառուկյանը:
Խոսելով նախորդ տարվա վերջում տնտեսական շուկայի տատանումների մասին, նշեց, դա վկայում է, թե ինչքան թույլ և փխրուն է մեր երկրի տնտեսական կայունությունը:
«Հայաստանում սոցիալական, տնտեսական վիճակում առկա խնդիրների արդյունավետ լուծման համար պետք է արդյունավետ կառավարման համակարգ, դրա համար պետք է ձևավորել արդյունավետ ընտրական համակարգ, ընդունել այն դրույթը, որ ոչ մի քաղաքական ուժ մենաշնորհ չունենա իշխանության ձևավորման գործում: Ես նշել եմ, որ Հայաստանում ինձ համար չկան թշնամիներ, վատ ու լավ քաղաքական ուժեր, բոլորը պետք է ակտիվ ներգրավվեն պետականաշինության մեջ, մինչդեռ բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս վիճակի մեջ են զգում»,- ասաց նա:
«Մարդիկ հիշեք, ոչ մի պաշտոն հավերժ չի, ցմահ չի: Եթե պետության զարգացումը, անվտանգությանը պահանջում են իշխանության փոփոխություն, այդպես էլ պետք է լինի: Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց քայլերի ժամկետն անսահմանփակ չի»,-ելույթն ավարտեց Գ. Ծառուկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները