ԱՆ-ն հորդորում է Քաջարանում վիրահատված մյուս քաղաքացիներին ևս ներկայանալ ինֆեկցիոն հիվանդանոց
Քաջարանի բժշկական կենտրոնում 2014 թվականին բուժօգնություն և սպասարկում ստացած հիվանդներից այս պահի դրությամբ 13-ի մոտ ախտորոշվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն և հիվանդություն։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հետազոտություններն այս ուղղությամբ շարունակվում են: Ինչպես հայտնի է, դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
«Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը քննարկումներ նախաձեռնեց ՀՀ առողջապահության նախարարության հետ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստակամություն է հայնել հոգալ 13 հիվանդի բուժօգնության և սպասարկման ողջ ծախսը»,-հայտնում են նախարարությունից:
Նշենք, որ 13 հիվանդներից 5-ը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցներ են:
Հիշեցնենք, 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն։ Նրանցից 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց։
Վիճակագրական տվյալներով` սուր կլինիկական ձևերի 35-40 տոկոսի մոտ արձանագրվում է ինքնուրույն առողջացում։ Բոլոր վարակակիրները գտնվում են «Նորք» իֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության ներքո, բոլորի մոտ առկա է կլինիկական և բիոքիմիական լավացում։ Նախարարի հանձնարարությամբ` յուրաքանչյուր հիվանդի համար մշակվել է գործելակարգով հաստատված բուժման սխեմա, անհրաժեշտ ախտորոշման և դեղորայքի ցանկ։
Նախարարությունը հորդորում է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ հետազոտության Քաջարանի ԲԿ կամ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։
Քաջարանի բժշկական կենտրոնի վիրահատարանի վերաբացման նպատակով Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներին հանձնարարել է կարճ ժամանակում բժշկական գործիքների, վիրահատարանի և վիրաբուժական բաժանմունքի ախտահանման համար անհրաժեշտ բոլոր սաքավորումների ձեռքբերման առաջարկ ներկայացնել ԲԿ-ին և մանրակրկիտ ախտորոշում կազմակերպել։
Միաժամանակ, հանձնարարել է բժշկական ծառայությունների անվտանգությունն ապահովելու նպատակով մեկ ամիս սահմանել ամենօրյա ամենաբարձր մակարդակի հսկողություն՝ մինչև նոր պատասխանատուները լիովին կյուրացնեն գործընթացը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա